Փաշինյան․ Պատժամիջոցներն ակնհայտ կազդեն եվրասիական տարածաշրջանում տնտեսական մթնոլորտի վրա

Փաշինյան․ Պատժամիջոցներն ակնհայտ կազդեն եվրասիական տարածաշրջանում տնտեսական մթնոլորտի վրա

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի գլխավորությամբ ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը հայտարարել է` ակնհայտ է, որ ՌԴ դեմ պատժամիջոցների գործողություններն ազդեցություն կունենան եվրասիական տարածաշրջանում տնտեսական մթնոլորտի վրա։

«Այս առումով, մենք պետք է քննարկենք, թե ինչպիսի օպերատիվ որոշումներ պետք է ընդունել, որպեսզի այդ բացասական ազդեցությունները լինեն նվազագույն և եթե հնարավոր է, շրջանցել դրանք, իրականացնելով համապատասխան քայլեր:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ Ղազախստանի նախագահը ճիշտ է նկատել` այսօրվա նիստը, հանդիպումը համընկնում է աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ սրման հետ:

«Ակնհայտ է, որ մենք գտնվում ենք զգայուն ժամանակահատվածում, աշխարհաքաղաքական զգայուն տեկտոնական գործընթացներում, և այս համատեքստում, իհարկե, Եվրասիական տնտեսական միությունը կարևոր ֆորմատ է, որպեսզի զարգացնենք մեր երկրների տնտեսությունները»,-ասել է նա:

Փաշինյանն ընդգծել է, որ առկա է Եվրասիական տնտեսական տարածաշրջանի ընդլայնման ներուժ:

«Կան դիտորդ պետություններ, որոնց հետ բավականին արդյունավետ համագործակցում ենք: Առկա է նաև որոշակի հետաքրքրություն այլ երկրների կողմից` սերտացնելու կապերը Եվրասիական տնտեսական միության հետ: Կարծում եմ` սա ընդհանուր առմամբ դրական գործընթաց է և հույս ունեմ, որ Եվրասիական տնտեսական միությանը, մեզ բոլորիս կհաջողվի իրականացնել այնպիսի քաղաքականություն, որպեսզի ընթացիկ իրավիճակներում ԵԱՏՄ-ն որպես տնտեսական հարթակ ամրապնդվի և շարունակի ազդակ հաղորդել մեր երկրների տնտեսությունների զարգացմանը»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---