Նախարար․ Հարազատների կողմից զոհերի աճյունները չընդունելու դեպքում հնարավոր է՝ ինչ-որ պահի պետությունը հուղարկավորի

Նախարար․ Հարազատների կողմից զոհերի աճյունները չընդունելու դեպքում հնարավոր է՝ ինչ-որ պահի պետությունը հուղարկավորի

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ կան դեպքեր, երբ պատերազմում զոհված անձանց աճյունները նույնականացվել են, արդյունքները կրկնակի, որոշ դեպքերում՝ եռակի անգամ այլ երկրներում էլ հաստատվել են, սակայն հարազատները դեռ պատրաստ չեն վերցնել աճյունները և հուղարկավորել, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է այդ դեպքում պետությունն ինքը որոշի հուղարկավորել զոհվածների աճյունները՝ նախարարն ասել է, որ, գուցե, ինչ-որ պահի նման անհրաժեշտություն առաջանա։

«Քանի որ դա բավականին ծանր ընթացք է, կառավարությունն ամեն բան անում է, որպեսզի ծնողները ժամանակ ունենան՝ այդ ցավալի պրոցեսն անցնելու և որոշում կայացնելու համար: Բայց մյուս կողմից էլ հասկանում ենք, որ ինչ-որ ժամանակի ընթացքում պետք է անդրադառնանք այս հարցին և հուղարկավորենք անհատական ձևով, ոչ եղբայրական գերեզմանում»,-ասել է Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ մինչ այս պահը նմուշները լրացուցիչ հետազոտության են ուղարկվել Հոլանդիա, Ռուսաստան, Վրաստան, Գերմանիա, էլի մի շարք երկրներ, և դրանք բոլորը ամբողջությամբ համապատասխանել են Հայաստանում ստացված արդյունքներին:

Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների նույնականացման գործընթացն ավարտված է։ Նա նշել էր, որ չհետազոտված փորձանմուշներ չեն մնացել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---