Ակցիա՝ ԱԳՆ դիմաց․ Ցուցարարները բողոքում էին «թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկման դեմ»

Ակցիա՝ ԱԳՆ դիմաց․ Ցուցարարները բողոքում էին «թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկման դեմ»

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել «Դաշնակցությունից», ՀՀԿ-ական ու այլ երիտասարդներ։ Ակցիայի մասնակիցները նշել են՝ պետք է լինել միասնական, հանրային ճնշում գործադրել այս իշխանությունների վրա՝ թույլ չտալով, որ այս «իշխանությունները ծառայեն թշնամուն», հակառակ դեպքում այս ամենի հետևանքը լինելու է «Հայաստան պետության չգոյությունը»։

«Այստեղ ենք շատ կարևոր արձանագրումներ անելու։ Նախ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ազատ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ Դրա համար ամենանվիրական զոհողությունն է մատուցվել հայրենիքին և հայ մարդուն»,- ակցիայի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։Նա նշել է՝ բոլոր նրանք, ովքեր կհանդգնեն այլ դիրքորոշում արտահայտել այս հարցի վերաբերյալ, կբացահայտեն իրենց կոլլաբորացիոնիստ տեսակը, թուրք-ադրբեջանական օրակարգի առաջ մղումը և դրա սպասարկումը, գրում է Panorama.am-ը։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են ցուցանակներ, որոնց վրա պատկերված են լուսանկարներ հայաստանցի, թուրք ու ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումներից։ ԱԳ նախարարության դիմաց մեծ թվով ոստիկաններ են բերվել, որոնք պատ կազմած փակել են նախարարության մուտքը, տեղեկացնում է Panorama.am-ը։

Ակցիային մասնակցող «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եկել են իշխանություններին ասելու, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, իրենք ամեն ինչ անելու են դա թույլ չտալու համար, գրում է Sputnik Արմենիան։

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց, որ հավաքվել են ԱԳՆ–ի դիմաց` Արարատ Միրզոյանին ասելու, որ որևէ բարոյական իրավունք չունի խոսելու հայ ժողովրդի և հասարակության անունից։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ասել է, որ ակցիան մեկ նպատակ ունի` աշխարհին ցույց տալ, որ չկան մարդիկ, որոնք իրենց արժանապատվությունը զոհելով կարող են մոռանալ Հայոց ցեղասպանության հարցը, միջանցքների բացման մասին մտածել։

«ՀՀ իշխանությունները մեզ դիտարկում են միայն առուծախի առարկա, որպեսզի երկարացնեն իրենց կառավարումը։ Խաղաղությունը կեղծ օրակարգ է՝ այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղությունից, Արցախում հայ է զոհվում, թշնամին առաջ է գալիս դեպի մեր տարածք»,–ասել է Մկրտչյանը։

Նրա խոսքով` այնպիսի տպավորություն է, որ հայերն են թուրքերին պարտք, ոչ թե հակառակը։

Ցուցարարները նախարարության շենքի մոտից երթով շարժվելու են կառավարության շենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնելու, որ նա «նոր զիջումների և կորուստների ոչ մի մանդատ չունի»։

Արտգործնախարար Արարատ Միրզոյան Թուրքիայում հայտարարել էր, թե հայ հասարակությունն ընդհանուր առմամբ ուզում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները։ Այդ մասին նա ասել էր «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում՝ հավելելով, որ և՛ հայկական, և՛ թուրքական հասարակություններում կան խմբեր, որոնք, այսպես ասած, թերահավատորեն են վերաբերվում այս գործընթացին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---