Ադրբեջանցիները Թաղավարդը լքելու կոչեր են անում և կրկին մուղամ միացնում

Ադրբեջանցիները Թաղավարդը լքելու կոչեր են անում և կրկին մուղամ միացնում

PanARMENIAN.Net - Արցախի Թաղավարդի բնակիչները արդեն երրորդ օրն է մուղամ ու գյուղը լքելու կոչեր են լսում ադրբեջանական կողմից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Բնակիչները նշել են, որ Փառուխի դեպքերից հետո «մի երկու օր ձենները չէր լսվում», բայց երեք օր է՝ նորից սկսել են. առավոտ շուտ՝ ժամը 5։50-ին, միացրել էին իրենց մուղամը, հետո էլ մյուս ձայնագրությունը՝ էլի կոչ անելով հեռանալ:

«Հիմա էլ նոր բան են մտածել՝ ասում են լքեք գյուղը, եթե չեք ուզում Փառուխի օրն ընկնեք։ Անկեղծ ասած, արդեն սովորական են դարձել դրանց կոչերն էլ, ձայներն էլ։ Ինչ խոսք, տհաճ է էդ մուղամը, բայց դե աշխատում ենք ուշադրություն չդարձնել, մեր առօրյա գործերով զբաղվում ենք, շեղվում»,-ասում է Թաղավարդի ավագանու անդամ Ռուդիկ Բադասյանը։

Թաղավարդում երկու օր է՝ աշակերտները նորից դասի են գնում։ Բադասյանն ասում է, որ երկարօրյան էլ է գործում։ Բացակայություններ էլ գրեթե չկան։

«Մեկ թե երկու աշակերտ էր բացակայել այսօր։ Մենակ թե ձյուն է, երեխաները չեն կարողանում իրենց սրտի ուզածի չափ բակում խաղալ»,-ասել է նա։

Բնակչության մոտ լարվածության աճ, նրա խոսքով, չկա։ Ասում է՝ թաղավարդցիներն այնքան բարդ իրավիճակներ են հաղթահարել 44-օրյայի ընթացքում ու դրանից հետո, որ արդեն իմունիտետ են ձեռք բերել։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետք է քաշեր զորքերը ԼՂ Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---