Փաշինյանն ապրիլի 19-ին կմեկնի Մոսկվա․ Հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Փաշինյանն ապրիլի 19-ին կմեկնի Մոսկվա․ Հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է նրան ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև երկու երկրների տնտեսական փոխգործակցության հարցերին ու պայմանավորվել, որ նաև այս հարցերը մանրամասն կքննարկեն ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարելիք պաշտոնական այցի ընթացքում:

Զրուցակիցները կարևորել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները: Ռուսաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցել նշված գործընթացներին:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը: Վարչապետ Փաշինյանն արտահայտել է հայկական կողմի ակնկալիքը, որ ռուս խաղաղապահները կոնկրետ միջոցներ ձեռնարկեն ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար:

Ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---