Freedom House-ը չի բացառում` ագրեսիայի միջոցով Ալիևի իշխանության ամրապնդումը նպաստել է Ուկրաինայում պատերազմ սկսելու Պուտինի որոշմանը

Freedom House-ը չի բացառում` ագրեսիայի միջոցով Ալիևի իշխանության ամրապնդումը նպաստել է Ուկրաինայում պատերազմ սկսելու Պուտինի որոշմանը

PanARMENIAN.Net - Հայտնի իրավապաշտպան Freedom House կազմակերպությունն իր Nations in Transit 2022-ի տարեկան զեկույցում, անդրադառնալով եվրասիական 29 երկրի, չի բացառել, որ ագրեսիայի միջոցով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իշխանության ամրապնդումը նպաստել է Ուկրաինայում պատերազմ սկսելու Պուտինի որոշմանը։

Նշվում է, որ 2020-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ռազմական հարձակում սկսեց հայկական ուժերի դեմ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում՝ սպանելով հազարավոր մարդկանց և տեղահանելով շատերին»։

Ըստ զեկույցի՝ հակամարտությունը, որը լրջորեն ապակայունացրեց տարածաշրջանի անվտանգության համակարգը, հանգեցրեց տարածքային ձեռքբերումների ի օգուտ Բաքվի, ամրապնդեց Ադրբեջանի նախագահի քաղաքական դիրքերը և առիթ ստեղծեց ազատ խոսքի ու ազատությունների հետագա բռնաճնշման համար: Freedom House-ը նկատում է, որ «Ալիևի՝ ռազմական ագրեսիայի օգտագործմամբ ակնհայտ հաջողությունը իր իշխանությունն ամրապնդելու հարցում կարող է նպաստած լինել Վլադիմիր Պուտինի՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժելու որոշմանը», հատկապես այն դեպքում, երբ Պուտինն ինքը բազմիցս դիմել է նման քայլի՝ իր քաղաքական դիրքերն ամրապնդելու համար, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Freedom Houseի գնահատմամբ՝ անցած տարի 21-րդ դարում առաջին անգամ Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա գերակշռող կառավարման ձևն էր «հիբրիդային ռեժիմը», որն իր մեջ պարունակում է ժողովրդավարության և ավտորիարիզմի տարրեր:

Այս ռեժիմները կարող են լինել ժողովրդավարական նվազագույն իմաստով, քանի որ անցկացնում են կանոնավոր, մրցակցային ընտրություններ, սակայն վերջիններիս անգործունակ ինստիտուտները չեն կարողանում ապահովել ժողովրդավարական կառավարման բոլոր բաղադրիչները:

Նշվում է, որ 2004-ից ի վեր 4 ժողովրդավարական երկիր նահանջել է հիբրիդային կառավարման գորշ գոտի, որոնցից են Հունգարիան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան և Սերբիան: Կազմակերպության պնդմամբ միևնույն ժամանակահատվածում նախկինում ավտորիտար 3 երկիր՝ Մոլդովան, Կոսովոն և Հայաստանը, քայլեր են ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, որի արդյունքում դարձել են հիբրիդային ռեժիմներ:

Հայաստանն, ըստ զեկույցի, ընդհանուր ցուցանիշով առաջընթաց է գրանցել՝ առավելագույն 7 միավորից, որն առավել ժողովրդավար երկրի ցուցանիշն է, ստանալով 3.04 միավոր նախորդ տարվա 2.96 միավորի փոխարեն: Հայաստանն առաջընթաց է գրանցել մի քանի ոլորտներում, ներառյալ ժողովրդավարական կառավարումը, ընտրական գործընթացը և դատաիրավական համակարգի զարգացումն ու անկախությունը՝ միևնույն ժամանակ նահանջելով անկախ մամուլի ցուցանիշում: Տոկոսային ցուցանիշով երկրի ժողովրդավարության զարգացման մակարդակը կազմում է 34%:

Ըստ Freedom House-ի, այն երկրները, որոնք անցում են կատարել ավտորիտար կառավարման ձևից հիբրիդայինի ավելի խոստումնալից են, թեև ամբողջապես «դեռևս չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին»: Իրավապաշտպան կազմակերպությունը նկատում է, որ, օրինակ, Հայաստանում «2018 թ-ին քաղաքացիներն օգտագործեցին բողոքի շարժումը և մրցակցային ընտրությունների շարքը, որոնցից վերջինը կայացավ 2021-ին՝ վճռականորեն վերջ դնելով Հանրապետական կուսակցության բազմամյա կառավարմանը։ Այդ ժամանակվա առաջնորդները փոխարինվեցին քաղաքական գործիչների նոր սերնդով, որոնք, չնայած նկատելի թերությունների, հիմնականում հանձնառություն ունեն դեպի ժողովրդավարություն և հանրային շահ»:

Հայաստանն, ըստ զեկույցի, հետխորհրդային երկրներից զիջում է միայն Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային՝ իր հետևում թողնելով Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Բելառուսը, Ռուսաստանն ու Ադրբեջանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---