Թուրք պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Հայոց ցեղասպանության մասին գրառման համար

Թուրք պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Հայոց ցեղասպանության մասին գրառման համար

PanARMENIAN.Net - Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP)՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի դեմ։ Պատճառը Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատգամավորի ապրիլքսանչորսյան գրառումն է։

Քննությունը սկսվել է Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, քանի որ հստակ ապացույցներ կան, որ Թանրըքուլուն «նսեմացրել է «Թուրքիայի Հանրապետության պետական հեղինակությունը», գրում է Ermenihaber-ը։

Թուրք ընդդիմադիր պատգամավորն ապրիլի 24-ին գրառում էր կատարել Twitter-ում, որը խիստ բացասական արձագանք էր գտել։

Նա մասնավորապես նշել էր․ «107 տարի առաջ 1915թ. ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Ստամբուլում, քշվեցին դեպի Չանքըրը, Այաշ, Անկարա և բռնի կորսվեցին։ Իսկական արդարություն հնարավոր չէ հաստատել առանց այս պատմության հետ առերեսվելու, որը չարիքի սկիզբն է»։

Գրառմանը կից Թանրըքուլուն տարածել էր նաև երկու լուսանկար․ առաջինում Հայոց ցեղապսանության զոհ մտավորականներն էին, երկրորդում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համար պաշտոնական խորհրդանիշ ընտրված անմոռուկը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը երկրի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի ներկայացրած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը հետ է ուղարկել։

Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայազգի պատգամավոր Կարո Փայլանն այս տարի ևս ապրիլի 24-ի նախօրեին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ-TBMM)։ Փայլանն ընդգծել է, որ միակ հասարակությունը, որը կարող է բուժել հայ ժողովրդի վերքերը, դա թուրքականն է։ Միևնույն ժամանակ պահանջել է Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործ պետական պաշտոնյաների անունները հանել հանրային տարածքներից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---