2022-ին ուսուցիչների կամավոր ատեստավորումն էլեկտրոնային կլինի

2022-ին ուսուցիչների կամավոր ատեստավորումն էլեկտրոնային կլինի

PanARMENIAN.Net - Մի քանի օրից կմեկնարկի ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումների ընդունումը: Այս տարի դիմում-հայտերն ընդունվելու են միայն էլեկտրոնային եղանակով։ Էլմատյաններում կակտիվանա դիմելու կոճակը:

Ատեստավորումը կանցկացվի սեպտեմբերին: Կարող են ատեստավորվել 5-12-րդ դասարանների բոլոր առարկաների ուսուցիչները: Նախատեսվում է, որ ծրագրին կմասնակցի մոտ 5000 ուսուցիչ:

Հաշվի առնելով նախորդ տարվա փորձը, այս տարի վերանայվել է առաջադրանքների համար տրամադրվող ժամանակը:

Հարցաշարերը կազմում են Գնահատման և թեստավորման կենտրոնի ուսուցիչներից և բուհական մանսագետներից կազմված փորձագիտական հանձնաժողովները, իսկ թեստերը ստուգվում են համակարգչային ծրագրով:

«Նախորդ տարի փորձարկել ենք կամավոր ատեստավորման գործընթացը: Նպատակը մեկն է՝ ստեղծել մեխանիզմ, որով պետությունը կխրախուսի ուսուցիչների մասնագիտական զարգացումը և դա փոխկապակցված կլինի վարձատրման համակարգին»,-նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Կամավոր ատեստավորումից 70 և բարձր միավոր հավաքած ուսուցիչները 30-50 տոկոս հավելավճար են ստանում: Արդեն մայիսի 1-ից ատեստավորված ու հավելավճար ստացող մանկավարժների դրույքաչափը սահմանվել է 200,000 դրամ, որին կգումարվի նաև հավելավճարը՝ նոր դրույքաչափով:

«Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցներում աշխատում է մոտ 6000 ուսուցիչ: Անցյալ տարի կամավոր ատեստավորվել և բարձր արդյունքներ է գրանցել 30-ը: Վստահ եմ՝ այս տարի մասնակցությունն ավելի ակտիվ կլինի»,-ասել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության պետի ժ/պ Մարգարիտ Խաչատրյանը:

Չնայած պայմաններին՝ մի շարք ուսուցիչներ չեն շտապում ատեստավորվել: Ասում են՝ գործընթացին դեմ չեն, բայց ունեն մտահոգություններ տեխնիկական խնդիրների առումով:

«Երաժշտություն, կերպարվեստ, ֆիզկուլտուրա. այս և նմանատիպ մյուս առարկաների ատեստավորումը կլինի մանկավարժական կրթություն տրամադրող բուհերի միջոցով»,-հավելել է Ժաննա Անդրեասյանը:

Նա նշել է նաև, որ եթե ուսուցիչը կամավոր ատեստավորմամբ չի հավաքում անհրաժեշտ նվազագույն շեմ, ապա նա պետք է ատեստավորվի մեկ տարի անց:

«Բայց այդ ընթացքում մենք նրա հետ աշխատելու ենք. պետությունը պարտավորվել է պարտադիր վերապատրաստում կազմակերպել, եթե վերաատեստավորումից հետո ուսուցիչը կրկին չի կարողանում հաղթահարել այս շեմը, ուրեմն մենք այդ ուսուցչի համար պետք է գտնենք այլ զբաղմունք»,-ընդգծել է Անդրեասյանը:

Եթե նույնիսկ բոլոր ուսուցիչները ցանկանան կամավոր ատեստավորվել, պետությունը պատրաստ է ֆինանսավորել: Այդ նպատակով մոտ 33 մլրդ դրամ լրացուցիչ գումար կհատկացվի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---