Երևանում վաղ առավոտից փողոցներ են փակել․ Կան բերման ենթարկվածներ

Երևանում վաղ առավոտից փողոցներ են փակել․ Կան բերման ենթարկվածներ

PanARMENIAN.Net - Երևանում վաղ առավոտից վերսկսվել են ընդդիմադիրների անհնազանդության ակցիաները։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Երևանի կենտրոնական մի քանի փողոցի երթևեկությունը կաթվածահար էր։ Ցուցարարները փակել էին Աբովյան-Իսահակյան խաչմերուկը։ Ընդդիմադիրներն ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի գլխավորությամբ փակ էին պահում նաև Գայի պողոտան։ ՀՀԿ-ականները մի քանի խմբերով փակում էին կենտրոնական փողոցները, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Լարված իրավիճակ էր ստեղծվել նաև Կոմիտասում։ Կարմիր բերետավորները բերման են ենթարկում ակցիաների մասնակցիներին։

Բերման են ենթարկվել ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Բերման են ենթարկվել նաև «Հայրենիք» կուսակցության անդամները, որոնց թվում էր նաև Արթուր Վանեցյանի որդին՝ Արտյոմ Վանեցյանը, գրում է Aysor.am-ը։

Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում հերքել է ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությունները, թե Երևանը կաթվածահար է եղել ցույցերի հետևանքով։ Նա ասել է, որ ոստիկանությունը շատ հստակ կատարում է իր գործառույթները, անում է դա օրենքի շրջանակում և մինչ օրս հատուկ միջոցներ չի կիրառել։

«Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---