Զախարովա․ Տեսնում ենք միջամտելու ԵՄ համառ փորձերը, հուսով ենք՝ Բրյուսելը կօգնի եռակողմ պայմանավորվածությունների հարցում

Զախարովա․ Տեսնում ենք միջամտելու ԵՄ համառ փորձերը, հուսով ենք՝ Բրյուսելը կօգնի եռակողմ պայմանավորվածությունների հարցում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ԵԽ նախագահի միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպմանը, ասել է, որ Մոսկվան տեսնում է ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ միջև պայմանավորվածությունների գործընթացի մեջ «միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը»:

«Այո, տեսնում ենք եռակողմ պայմանավորվածությունների գործընթացի մեջ միջամտելու ԵՄ համառ փորձերը, հուսով ենք, որ Բրյուսելը կօգնի դրանց իրականացմանը, ոչ թե կփորձի աշխարհաքաղաքական խաղեր խաղալ: Դա արդեն մենք չէինք ցանկանա»,-ասել է Զախարովան։

«ՌԴ ռազմավարական նպատակը Հարավային Կովկասը կայունության և բարգավաճման գոտու վերածելն է, այդ գործընթացին նպաստելը։ Այդ ճանապարհին առանցքային խնդիրներից մեկը Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորումն է՝ կայուն խաղաղության հաստատման համար։ Այդ ուղղությամբ ջանքերի հիմքում ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններն են, որոնց մասին բազմիցս է ասվել և որոնք անկասելիորեն կատարվում են։ ՌԴ-ն համակողմանի աջակցություն է ցուցաբերում Երևանին և Բաքվին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման, սահմանազատման, հանրային երկխոսության հաստատման և խաղաղ պայմանագրի մշակման առումով»,-ասել է Զախարովան։

Զախարովան հավելել է նաև, որ ՌԴ-ն պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանազատման երկկողմ հանձնաժողովին, ինչը արձանագրված է 2021 նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության մեջ և բազմիցս հաստատվել է բոլոր շփումների ժամանակ։

«ՌԴ-ն եզակի փորձագիտական ներուժ ունի հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանային վեճերի կարգավորման հարցում։ Մեր տրամադրության տակ են անհրաժեշտ քարտեզագրական նյութերը, ուրախ կլինենք կիսվել մեր նյութերով հայ և ադրբեջանցի բարեկամների հետ հանձնաժողովի գործունեության շրջանակում։ Ինչպես գիտեք, ռուսաստանցի փորձագետների թիմը խորհրդատվական աջակցության համար արդեն ձևավորվել է»,-ասել է Զախարովան։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովի հաջորդ հանդիպումը կայանալու է Մոսկվայում՝ հաջորդ շաբաթվա ընթացքում։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել էր, որ կողմերը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ «Քննարկվելու են սահմանազատման հետ կապված բոլոր հացերն ու այն, ինչպես կարելի է լավագույնս կայունություն ապահովել»,-ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---