Հարությունյանը՝ ԱԽ նիստում․ Արցախի կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է ԱՀ ժողովրդին ու իշխանություններին

Հարությունյանը՝ ԱԽ նիստում․ Արցախի կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է ԱՀ ժողովրդին ու իշխանություններին

PanARMENIAN.Net - ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում ևս մեկ անգամ հաստատել է, որ Արցախի ճակատագրի ու կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է ԱՀ ժողովրդին ու իշխանություններին և որ արցախցիների անվտանգության պատշաճ ապահովումը հնարավոր է բացառապես Ադրբեջանի կազմից դուրս։

ԱԽ նիստը հրավիրվել է՝ ընդառաջելով մայիսի 24-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների՝ Հանրապետության նախագահին ուղղված նամակին։

Երկրի ղեկավարը նախ ընդգծել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու մասին ձևակերպումը՝ նշելով, որ այն չի արտահայտում անցած 30 տարվա ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Հարությունյանի ներկայացմամբ՝ ինքը հնարավորություն է ունեցել ՀՀ վարչապետի հետ հանդիպելու և քննարկելու մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը, և այդ առթիվ ցանկանում է մեկ անգամ ևս հաստատել, որ Արցախի ճակատագրի ու կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է Արցախի ժողովրդին ու իշխանություններին:

Նախագահի խոսքով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում Հայաստանի ու Արցախի ժողովրդի թիկունքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, եթե կլինի կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, ապա այն կքննարկվի Արցախի իշխանությունների հետ, և հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձևով:

Նախագահ Հարությունյանը շեշտադրել է, որ Արցախի Հանրապետությունը անշեղորեն շարունակում է իր ժողովրդի ինքնորոշման իրավունքի լրիվ ու անվերապահ իրացման միջոցով անկախության միջազգային ճանաչման ուղին, և արցախցիների իրավունքների ու անվտանգության պատշաճ ապահովումը հնարավոր է բացառապես Ադրբեջանի կազմից դուրս:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, անդրադառնալով Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպմանը, հայտարարություն են տարածել` նշելով, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու տեսակետից։ Նշվում է, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---