Իրանի նախագահը՝ Սիմոնյանին․ Մեր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք

Իրանի նախագահը՝ Սիմոնյանին․  Մեր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, ընդունելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը, ասել է, որ Իրանն իր բարեկամների համար դժվար օրերի ընկեր է։

«Մենք մեր բոլոր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. դրանով ենք առաջնորդվում: Ուրախ օրերին յուրաքանչյուրը կարող է լինել յուրաքանչյուրի կողքին, բայց իրական ընկերությունն ու բարեկամությունը ցուցաբերվում են դժվարությունների ժամանակ»,- նշել է Ռայիսին:

Հանդիպմանը զրույցն ընթացել է Հայաստան-Իրան բազմակողմանի համագործակցության շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական հարաբերություններին և ենթակառուցվածքային համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնց զարգացման նախադրյալները շատ են:

Հայկական կողմը մեծապես կարևորում է էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում փոխադարձ պայմանավորվածությունների արձանագրումը:

«Պետք է նշեմ նաև, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում Իրանի հետ ՀՀ երկաթուղային կապի հաստատումը մեր օրակարգային կարևորագույն հարցերի շարքում է»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ նախագահն Իրանի նախագահին է ներկայացրել ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված հետպատերազմյան իրավիճակը, հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային արժեքների պահպանության հարցը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է արժեքավոր ժառանգությունը, և Իրանը կարող է օրինակ ծառայել Ադրբեջանին այս հարցում:

Հանդիպմանը կարևորվել են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետևողական ջանքերը:

ՀՀ ԱԺ նախագահը փոխանցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ բարեմաղթանքները և Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը:

Ալեն Սիմոնյանը նաև տեղեկացրել է նախագահին, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Հայաստան-Իրան օրակարգի համատեղ աշխատանքների իրականացմանն առնչվող օրենսդրության պարզեցման մասով:

Իրանի նախագահը նշել է, որ համապատասխան հանձնարարականներ է տվել իր աշխատակազմին՝ Հայաստանի հետ առավել սերտ կապերի հաստատման գործում ելակետային առաջարկություններ ներկայացնելու համար:

Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն ասել է, որ խորհրդարանները պետք է օրենսդրական մակարդակում աջակցեն Իրան-Հայաստան երկաթուղային և ավտոտրանսպորտային ճանապարհների բացման ու ենթակառուցվածքների ստեղծման գործընթացներին: Ըստ նրա՝ շատ են համատեղ անելիքները խորհրդարանական մակարդակում, այդ թվում՝ տնտեսական կապերի խթանման, օրենսդրական համագործակցության զարգացման, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման ու ու բարեփոխման հարցում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---