Քերոբյան. Ձեռքբերում է, որ այսօր Լարսն օրական 250 հայկական բեռնատար է հատում նախկին 130-ի փոխարեն

Քերոբյան. Ձեռքբերում է, որ այսօր Լարսն օրական 250 հայկական բեռնատար է հատում նախկին 130-ի փոխարեն

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով կուտակումներին Վերին Լարսի անցակետում, ասել է, որ ՀՀ-ի և ՌԴ-ի կառավարությունների ձեռքբերումն է, որ այսօր Լարսի անցակետն օրական հատում է 250 հայկական բեռնատար՝ նախկին 130-ի փոխարեն։

«Լարսը բաց է, բեռանատարներն անցնում են անցակետով և վերջին 1.5 ամսվա կատարած աշխատանքի արդյունքում մենք կարողացել ենք հասնել նրան, որ անցակետի թողունակությունն էապես մեծացել է»,- ասել է նա ճեպազրույցում, տեղեկացնում է Panorama.am-ը։

Քերոբյանն ընդունել է, որ խնդիրը լրիվ լուծված չէ և ներկայում ՀՀ կառավարությունն աշխատում է արագ փչացող ապրանքներ տեղափոխող մեքենաների առաջնային անցման խնդրի լուծման ուղղությամբ:

Նախարարը հույս է հայտնել, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսի անցակետում հերթերն ամբողջությամբ կվերանան:

Անդրադառնալով Փոթի նավահանգստից լաստանավի գործարկման հարցին՝ Քերոբյանն ասել է. «Երեկ էլ խոսել եմ իմ վրացի գործընկեների հետ և մեք վերջնական կետին մոտ ենք և մոտակա օրերին լաստանավի խնդիրն իր վերջնական լուծումը կստանա, եթե չէ՝ «Պլան-Բ»-ին կանցնենք, Բաթումի նավահանգստի միջոցով այդ նույն գործողությունն կանենք»։

Նրա խոսքով՝ լաստանավային ծառայություն մատուցող հոլանդական ընկերությունը միացել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, դրա համար էլ որոշումը ձգձգվում է, այլապես այն մի քանի րոպեի խնդիր կլիներ:

Նա ասել է, որ այն կառավարության գերխնդիրն է, քանի որ համարում է, որ Հայաստանը պետք է ունենա լավ կապվածություն աշխարհի հետ:

«Լավ տարբերակը Փոթի նավահանգիստն է, բայց հույս ունենք, որ երկու տարբերակներից մեկը, այնուամենայնիվ, կլինի»,-հայտարարել է Քերոբյանը:

Պատասխանելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ ճանապարհները բացելու վերաբերյալ հարցին՝ էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ իրենց խնդիրը Հայաստանը փակուղուց խաչմերուկի վերածելն է:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՌԴ-Վրաստան սահմանի Վերին Լարս անցակետն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Օրական թողունակության պահանջարկը գերազանցված է 2-3 անգամ։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիա-Ալանիա գծով գլխավոր վարչությունը։

Ուկրաինայում պատերազմի պատճառով զգալիորեն աճել է Վրաստանի տարանցիկ միջանցքի ծանրաբեռնվածությունը։ Մաքսակետերը չեն հասցնում ժամանակին մշակել բեռնափոխադրումների հոսքերը, չնայած աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ Երբեմն բեռնատարները ստիպված են լինում մինչև մեկ ամիս սպասել անցակետում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---