ԱՀ պետնախարար․ «Ապագա Հայկականը» նախաձեռնության հետ համատեղ լուծում կտրվի բազում խնդիրների

ԱՀ պետնախարար․ «Ապագա Հայկականը» նախաձեռնության հետ համատեղ լուծում կտրվի բազում խնդիրների

PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Մատենադարանում տեղի ունեցած «Ապագա Հայկականի» համաժողովի մեկնարկի միջոցառման ժամանակ կարևորել է, որ «Ապագա Հայկականը» նախաձեռնության առաջին միջոցառումը տեղի է ունեցել Արցախում և վստահություն հայտնել, որ առաջիկա տարիներին «Ապագա Հայկականը» նախաձեռնության հետ համատեղ լուծում կտան բազում խնդիրների:

Ըստ նրա՝ կարևոր և արդյունավետ էր, որ թեման ընտրվել էր հենց ժողովրդագրությունը, քանի որ Արցախի հայկական երկարաժամկետ ապագայի տեսանկյունից ժողովրդագրությունը ամենակարևոր հենասյուներից մեկն է, գրում է «Առավոտը»։

«Կարող եմ ասել, որ անվտանգությունից հետո այն երևի թե երկրորդ կարևորությունն ունի, և որքան երկարաժամկետ դիտարկենք մեր անելիքները, այնքան ժողովրդագրությունն ավելի կարևոր է լինելու»,-ասել է նա:

Արցախի պետնախարարը նշել է, որ «Ապագա Հայկականը» միջոցառումը կազմակերպվել էր Արցախի կառավարության հետ համատեղ: Հարցին՝ ի՞նչ խնդիրներ կան և ի՞նչ լուծումներ է ցանկանում տեսնել Արցախի հասարակությունը՝ Արտակ Բեգլարյանը պատասխանել է, որ գլխավոր խնդիրը անվտանգությունն է:

«Խոշոր առումով, արցախցիներին հուզող հարցը երկարաժամկետ անորոշությունն է, թե ինչպես կարող ենք հաղթահարել անորոշությունը: Եվ այստեղ, իմ կարծիքով, մեր անելիքն այն է, որ անկեղծ զրույցով, վստահության հիման վրա ձևավորված հաղորդակցությամբ բացատրենք, որ ամեն ինչ այս պահին կանխատեսելի չէ, բայց շատ բան մեր այսօրվա ու վաղվա գործողություններից է կախված՝ այդ թվում անվտանգության ոլորտում, ժողովրդագրության մեջ և այլն: Այստեղ ես շատ եմ կարևորում գաղափարական աշխատանքը և Արցախում, և ընդհանրապես ամբողջ հայության մեջ: Հայաստանի և ամբողջ հայության համար Արցախը բացառիկ նշանակություն ունի, և կարծում եմ, որ այստեղ մենք համատեղ ուժերով կարող ենք և գաղափարախոսական հիմքը ապահովել, և դրա հիման վրա անվտանգային, ժողովրդագրական սոցիալ-տնտեսական և մնացած բոլոր ոլորտներում երկարաժամկետ հաջողություն ապահովել»,-ասել է Բեգլարյանը՝ նշելով, որ այդ ամենը համազգային ներառական գործընթաց և ջանքեր է ենթադրում:

Հուլիսի 7-ին Մատենադարանում ազդարարվել է «Ապագա Հայկականի» համաժողովի մեկնարկի միջոցառումների մասին: Նոյեմբերին 11-13-ին Երևանում կայանալու է «Ապագա Հայկականի» առաջին համաժողովը, որի մասնակիցները՝ Հայաստանիից, Արցախից և Սփյուռքից, քննարկելու են առկա խնդիրները, մարտահրավերները և ընդունելու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների փաթեթներ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---