Շիֆ․ Ներկայացուցիչների պալատի ընդունած լրացումը թույլ կտա հստակեցնել, թե որքանով է Ադրբեջանը խախտել միջազգային իրավունքի նորմերը

Շիֆ․ Ներկայացուցիչների պալատի ընդունած լրացումը թույլ կտա հստակեցնել, թե որքանով է Ադրբեջանը խախտել միջազգային իրավունքի նորմերը

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, կարևորելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած լրացումը, որով զեկույց է պահանջել 2020-ին Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառման մասին, ասել է, որ դա թույլ կտա հստակեցնել, թե որքանով է Ադրբեջանը խախտել միջազգային իրավունքի նորմերը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մի շարք հայամետ օրինագծեր է ընդունել, այդ թվում` զեկույց է պահանջել 2020-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում արգելված զինատեսակների կիրառման մասին:

«44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը սարսափելի պատերազմ է վարել և հումանիտար ճգնաժամ առաջացրել Լեռնային Ղարաբաղում՝ սպանելով հազարավոր հայերի և հազարներին դրդելով փախուստի դիմել իրենց նախնիների հայրենիքից։ Մինչ օրս էլ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել հայ ռազմագերիներին, որոնք կտտանքների են ենթարկվում։ Ադրբեջանը նաև սպառնում է հազարավոր անմեղ բնակիչներին, որոնք հերթական հարձակման վախի մթնոլորոտում են ապրում։ Անհրաժեշտ է հստակեցնել, թե որքանով է Ադրբեջանը խախտել միջազգային իրավունքի նորմերը՝ Ալիևի ռեժիմը պատասխանատվության կանչելու, և հստակ ուղերձ հղելու համար, որ ԱՄՆ-ն անհաղորդ չի մնա Բաքվի ռազմատենչ հռետորաբանության պայմաններում»,-ասել է կոնգրեսականը։

Օրինագիծը պահանջում է պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից տրամադրել զեկույց, որը մանրամասներ կներկայացնի թուրքական անօդաչու թռչող սարքերում ԱՄՆ-ի պահեստամասերի օգտագործման մասին, որոնք Ադրբեջանը կիրառել է ԼՂ երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից օգտագործված սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինատեսակների, 2020 թվականի ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման վերաբերյալ:

Այս նախաձեռնությանն աջակցել են մոտ երկու տասնյակ այլ կոնգրեսականներ: Թիվ 121 փոփոխությունն ընդգրկվել է մի խումբ օրինագծերի՝ en bloc 1-ի փաթեթի մեջ և քվեարկության է դրվել որպես այդ փաթեթի մի մաս:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---