ԵԱԶԲ-ն 3 նոր նախագիծ կֆինանսավորի Հայաստանում` ընդհանուր $100 միլիոնի

ԵԱԶԲ-ն 3 նոր նախագիծ կֆինանսավորի Հայաստանում` ընդհանուր $100 միլիոնի

PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Հայաստանում մոտ 100 մլն դոլարի 3 նախագիծ կֆինանսավորի: Համագործակցության մասին համապատասխան փաստաթղթերը ստորագրվել են Երևանում օգոստոսի 4-5-ը:

Առաջին համաձայնագրով նախատեսվում է ԵԱԶԲ-ի կողմից 30 մլն դոլարի տրամադրում «Տաշիր» ընկերությունների խմբին Հայաստանում կառավարման միջազգային չափորոշիչներ և էլհաշվառման ավտոմատացված համակարգեր ներդնելու համար, գրում է ԱՌԿԱ-ն։

«Նյու Էներջի» ընկերությունների խմբի հետ ստորագրած երկրորդ համաձայնագրով, ԵԱԶԲ-ն մինչև 37 մլն դոլար կտրամադրի մինչև 65 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 11 արևայի էլեկտրակայանների կառուցման ֆինանսավորմանը: Դրանք կտեղակայվեն Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում:

ԵԱԶԲ նախագահ Նիկոլայ Պոդգուզովի, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի տնօրեն Դավիթ Երեմյանի կողմից ստորագրած երրորդ համաձայնագիրն ուղղված է Հայաստանի ագրոարդյունաբերական ոլորտում պարենային անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովմանը: Այդ նպատակներով բանկը կտրամադրի 25 մլն դոլար:

Ինչպես լրագրողներին հայտնել է Պոդգուզովը, 2021-ի կեսին ԵԱԶԲ-ն ընդունել է ռազմավարություն, որը նախատեսում է մոտ 11 մլրդ դոլարի ներդրումներ Եվրասիական միության երկրների և ԵԱԶԲ բաժնետեր երկրների տնտեսություններում:

«Այդ ռազմավարությունը հետագայում բաժանվեց երկրներով ռազմավարությունների ընդունմանը: Հայաստանի մասով այն ընդունվեց նախորդ տարվա վերջին և սկսվեց դրա ակտիվ իրագործումը: Մեր ռազմավարական առաջնահերթություններն են, առաջին հերթին, պարենային անվտանգության, էներգետիկ անվտանգության, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների հետ կապված թեմաները: Այս տարի Հայաստանում իրականացվող երկու նախագծերը հենց անդրադառնում են մեր ռազմավարական առաջնահերթություններին», - նշել է նա:

Պոդգուզովը նաև ասել է, որ առաջիկա 5 տարում բանկի գլխավոր նպատակը ՀՀ-ում աջակցելն է զարգացման ազգային օրակարգի խնդիրների լուծմանը: Մասնավոր հատվածի հետ համատեղ կիրագործվեն ենթակառուցվածքային նախագծեր, արտահանմանն ուղղված արտադրությանը, պարենային անվտանգությանը, ֆինանսական ծառայություններին և թվայնացմանը վերաբերող նախագծեր: Աշխատանքի թիրախային արդյունքը կլինի Հայաստանում բանկի համախառն ներդրումների ավելացումն ավելի քան 3 անգամ՝ մինչև 287 մլն դոլար 2022-2026թթ.-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---