Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ՌԴ խաղաղապահների գործունեությունը ԼՂ-ում

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ՌԴ խաղաղապահների գործունեությունը ԼՂ-ում

PanARMENIAN.Net - Վլադիվոստոկում անցկացվող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի շրջանակում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՌԴ խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։

ՌԴ նախագահն իր խոսքում, մասնավորապես, կարևոր է համարել հիշատակել, որ 2022-ին նշվում է դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, հիմնարար պայմանագրի ստորագրման 25-ամյակը:

«Մեր հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Մենք աշխատում ենք մեր կազմակերպություններում՝ և՛ տնտեսական կազմակերպությունում, և՛ ՀԱՊԿ-ում, նկատի ունեմ՝ անվտանգության և կայունության ապահովումը: Մոտ ապագայում Դուք պլանավորում եք լինել նաև Ուզբեկստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում նախատեսվող միջոցառումներին, որտեղ հնարավորություն կլինի ևս մեկ անգամ հանդիպել և գործընկերների հետ բանակցել:

Հայաստանի առևտրատնտեսական գործընկերների շրջանակում Ռուսաստանը վստահորեն պահպանում է առաջին տեղը: Առևտրաշրջանառությունը վերջին շրջանում, մոտավորապես, 25-30 տոկոսով աճել է: Մենք, իրոք, նկատում ենք Հայաստանում տնտեսական կայունացումը: Ձեր կառավարության կողմից շատ բան է արվել այդ ուղղությամբ:

Իհարկե, ամենազգայուն հարցերից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակին: Մենք դրա շուրջ մշտապես Ձեզ հետ խոսում ենք, մշտապես կապի մեջ ենք: Եվ ես ուրախ եմ Ռուսաստան Ձեր այցի ընթացքում՝ Վլադիվաստոկում տնտեսական ֆորումի շրջանակում զրուցել այս բոլոր թեմաների շուրջ:

Մեզ մոտ ընդլայնվում են այն ընկերությունների և մարդկանց շրջանակը, որոնք փոխգործակցում են: Մոտ ապագայում նաև բիզնես-օպերատորներն են պատրաստվում հանդիպել, նաև մարզային ֆորում պետք է անցկացնեն: Նախատեսված են նաև այլ միջոցառումներ, այդ թվում՝ հումանիտար, մշակույթի, կրթության ոլորտներում:Շատ շնորհակալ եմ, որ հրավերն ընդունել եք և այցելել եք Վլադիվաստոկում տնտեսական ֆորումին»,-ասել է Պուտինը:

Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ընթացիկ տարին շատ կարևոր տարի էր երկու երկրների հարաբերությունների համար՝ նկատի ունենալով և ՀԱՊԿ-ի, և երկկողմ հարաբերությունների հետ կապված հոբելյանները:

«Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենամոտ գործընկերն ու ռազմավարական դաշնակիցը: Եվ հատկապես այս բարդ ժամանակներում շատ կաևոր են մշտական շփումները և դիրքորոշումների հստակեցումը:

Դուք նշեցիք, ես էլ եմ ցանկանում նշել ռուսաստանյան խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում: Պետք է խոստովանել, որ դա այնքան էլ հեշտ առաքելություն չէ: Մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք դրա մասին: Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում, և ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է ընդգծել: Ընդհանրապես՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման իմաստով կան նրբություններ, որոնք մենք մշտապես քննարկում ենք և կարծում եմ` այսօր էլ շատ տեղին կլինի այդ հարցերը քննարկել:

Մեր երկրների առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցերը նույնպես ավանդական բնույթ են կրում: Շատ ուրախալի է, որ հետհամավարակային շրջանում մեր առևտրատնտեսական հարաբերությունները ոչ միայն վերականգվել են, այլ նաև որոշակի նոր դրական զարգացումներ կան, որոնց մասին մենք խոսեցինք ֆորումի ժամանակ:

Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, և ես վստահ եմ, որ այսօր նույնպես կունենանք բովանդակալից և հագեցած զրույց»,-ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ խոսել է ԼՂ շուրջ իրավիճակի մասով Փաշինյանի հետ մշտական շփման մասին։ «Մենք մշտական շփման մեջ ենք՝ և հանդիպումներն են կանոնավոր, և հեռախոսազրույցներն ընթացիկ ակտուալ հարցերի շուրջ․․․Բնականաբար, ամենազգայուն հարցերից է իրավիճակը, կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ։ Մշտապես ենք այդ մասին խոսում, մշտական շփման մեջ ենք»,-ասել է Պուտինը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---