ՀՀ, Կիպրոսի և Հունաստանի ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են տարածել

ՀՀ, Կիպրոսի և Հունաստանի ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են տարածել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին, Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանդիպումը։ Դրա արդյունքներով կողմերը մամուլի համար համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասին և Արևելյան Միջերկրականին վերաբերող անվտանգային հարցեր։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

Նախարար Դենդիասն անդրադարձել է Հունաստանի դեմ Թուրքիայի թշնամական հռետորաբանության ուժգնացմանը:

Նախարար Կասուլիդեսն իր գործընկերներին ներկայացրել է Արևելյան Միջերկրականում ստեղծված իրավիճակը և Կիպրոսի վերամիավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:

Նախարարներ Կասուլիդեսը և Դենդիասն իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին։

ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ շփումները եռակողմ ձևաչափի շրջանակներում` այն որակապես նոր մակարդակի հասցնելու և համագործակցության շրջանակն ընդլայնելու համար:

Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---