Իրանի քաղաքացուց առգրավվել է մոտ 6․5 կգ ափիոն

Իրանի քաղաքացուց առգրավվել է մոտ 6․5 կգ ափիոն

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի «Զվարթնոց» բաժնի աշխատակիցները «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոստի փոխանակման կենտրոնի մաքսային հսկողության գոտում, Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ մաքսային զննման են ենթարկել Հայաստանից Իրանի քաղաքացու անունից Ավստրալիա արտահանվող միջազգային փոստային առաքանին:

Զննման արդյունքում հիշյալ առաքանիում հայտնաբերվել է 6 կաշվե պայուսակ, որոնց ներքին մասերում առկա սպունգանման զանգվածները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող, շագանակագույն փոշենման զանգվածով` ավելի քան 3 կգ քաշով:

Տեղեկություններ էին ստացվել, որ հիշյալ առաքանին ուղարկող է հանդիսանում ԻԻՀ քաղաքացի Ա․Գ․-ն, ով հայտնաբերվել և տեղափոխվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժին, իսկ այնուհետև` ձերբակալվել։

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին նաև ձեռք բերվել, որ ԻԻՀ քաղաքացու փաստացի բնակության վայրում` Երևանում գործող հյուրանոցներից մեկի հյուրանոցային սենյակում, առկա են թմրամիջոցներ, որոնք նա մտադրվել էր կրկին փոստային ծառայության միջոցով ուղարկել 3-րդ երկիր: Դատարանի որոշման համաձայն` Ա․Գ․-ի փաստացի բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մոտ 3500 կգ ընդհանուր քաշով նույնանման 7 պայուսակ, որոնց ներքին մասերում առկա սպունգանման զանգվածները նույնպես ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրամիջոցով։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---