Սոցիալիստական ինտերնացիոնալի կոնգրեսն Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել՝ կոչ անելով զորքերը դուրս բերել ՀՀ-ից

Սոցիալիստական ինտերնացիոնալի կոնգրեսն Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել՝ կոչ անելով զորքերը դուրս բերել ՀՀ-ից

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-27-ը Մադրիդում տեղի ունեցած Սոցիալիստական ինտերնացիոնալի կոնգրեսն Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել՝ կոչ անելով զորքերը դուրս բերել ՀՀ տարածքից։

Հայաստանից կոնգրեսին անդամակցում է ՀՅԴ-ն՝ սկսած 1907-ից։ ՀՅԴ-ն նախապես ներկայացրել էր Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև, որն էլ ընդունվել է նոյեմբերի 27-ին։

«Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտության վերաբերյալ» բանաձևով Սոցիալիստական Ինտերնացիոնալը՝ հաշվի առնելով 2021թ․ մայիսից Հայաստանի տարածքում ադրբեջանական ռազմական գործողությունները՝ մասնավորապես քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի նկատմամբ, կոչ է անում Ադրբեջանին զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից։ Բանաձևով նաև դատապարտվում է որևէ երրորդ կողմի մասնակցությունը հակամարտությանը։

Սոցիալիստական ինտերնացիոնալը նաև դատապարտել է հայ ռազմագերիների կալանավորումներն ու կտտանքները՝ պահանջելով գերիների ու պահվող անձանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակում։ Կոնգրեսն ըստ էության ընդունել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, արձանագրել է, որ Սոցիալիստական Ինտերնացիոնալը տևական ժամանակ ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման գործընթացում և, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Սոցիալիստական Ինտերնացիոնալը կարևոր է համարել Ղարաբաղյան հակամարտության լուծումը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ և անգամ ևս կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին ու առհասարակ միջազգային հանրությանը շարունակել ջանքերը առարկայական բանակցությունների համար։

Նստաշրջանի արդյունքում կազմակերպության նախագահ է ընտրվել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, իսկ գլխավոր քարտուղար` Գանայի Ազգային դեմոկրատական կոնգրեսը ներկայացնող Բենեդիկտա Լասին։ ՀՅ Դաշնակցության Բյուրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը վերընտրվել է որպես կազմակերպության փոխնախագահ։

Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհրդի նիստը և կոնգրեսը, որին մասնակցում էր մոտ 80 երկրի մոտ 400 պատվիրակ։

Խորհրդի նիստը և կոնգրեսը Սոցիալիստական Ինտերնացիոնալի կարևոր քաղաքական իրադարձություններն են, երբ ընտրվում է կազմակերպության ղեկավարություն և ճշտվում են առաջիկա չորս տարիների հիմնական քաղաքական առաջնահերթությունները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---