Հարությունյանը՝ France 24-ին․ Ինքնորոշման իրավունքը և անկախությունն Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխիքն են

Հարությունյանը՝ France 24-ին․ Ինքնորոշման իրավունքը և անկախությունն Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխիքն են

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ինքնորոշման իրավունքը և անկախությունը Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխիքն են։

Նա ասել է, որ Արցախի իշխանությունների առաջնային խնդիրը 40,000 փախստականի կեցության, կյանքի և աշխատանքի համար պայմաններ ստեղծելն է, սակայն Ադրբեջանն ամեն միջոցով խոչընդոտում է դրան, հայտնում է Արցախպրեսը։

Իբրև ապացույց նա մատնանշել է ամեն օր հրադադարի խախտման դեպքերը և Լաչինի միջանցքում վերջին միջադեպը։

«Ֆրանսիայի ԱԺ-ի ընդունած բանաձևի պահանջը՝ Ղարաբաղի ժողովուրդը պետք է պաշտպանված լինի միջազգային իրավունքով, արդյոք այն է, ինչ Դուք եք ցանկանում»,- հարցրել է հեռուստաընկերության մեկնաբանը։

«Անշուշտ, այսօր խաղաղությունը երաշխավորում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախոմ տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը, որի մանդատը մինչև 2025 թվականն է, սակայն անհրաժեշտություն կա այն լրացնել միջազգային երաշխիքներով՝ նկատի ունենալով, որ ինքնորոշման իրավունքը և անկախությունը Ղարաբաղի ժողովրդի անվտանգության միակ երաշխիքն են»,-պատասխանել է Արայիկ Հարությունյանը։

Լրագրողը հիշեցրել է, որ ոչ մի երկիր չի ճանաչել Լեռնային Ղաաբաղը, և նախագահ Հարությունյանը Ֆրանսիայում է՝ հավանաբար ստանալու այդ երկրի աջակցությունը:

«Ձեզ ընդունել են ֆրանսիական քաղաքական շրջանակները, բայց ոչ Հանրապետության նախագահը։ Ափսոսու՞մ եք դրա համար», հարցրել է նա։

Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ-ին միաձայն քվեարկության համար։ 2020-ի պատերազմից հետո Ֆրանսիայի օրենսդիր իշխանությունները չորս բանաձև են ընդունել Արցախի անկախության ճանաչման պահանջով։

«Անշուշտ, ցավում եմ, որ Ֆրանսիայի գործադիր իշխանությունը, նախագահը չեն ընդունել, դա մեկ քայլ առաջ կլիներ։ Բայց հույս ունեմ, որ ապագայում նման հանդիպում կկազմակերպվի՝ մեզ օգնելու համար»,- նշել է նա։

Բանակցություններին Արցախի մասնակցության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Արցախի նախագահն ափսոսանք է հայտնել, որ ոչ մեկն Արցախի հետ չի բանակցում։

«Ադրբեջանը մերժում է մեզ հետ որևէ բանակցություն։ Ադրբեջանական իշխանությունների հետ շփումներ ունենք սոցիալական, հումանիտար հարցերի շուրջ, բայց ոչ երբեք՝ կարգավիճակի կամ ապագայի վերաբերյալ։ Ցավում եմ նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև էլ միջազգային մակարդակով բանակցություններ չկան Արցախի շուրջ»,-ասել է նա։

Լրագրողը նախագահից հետաքրքրվել է՝ արդյոք Արցախը համաձայն կլինի ինքնավարության Ադրբեջանի կազմում։

Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախի ժողովուրդը ԽՍՀՄ փլուզման ժամանակ կատարել է իր ընտրությունը՝ դա անկախությունն է, և այդ իրավունքն ամրագրված է Արցախի Սահմանադրությամբ։

«Արցախն ապագա չունի Ադրբեջանի կազմում, մենք պատրաստ ենք նորմալ հարևանության, սակայն անկախության կարգավիճակը բանակցության առարկա չէ»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը։

«Իսկ ինչու՞ ոչ՝ վերամիավորում Հայաստանի հետ»,- հարցրել է լրագրողը։

«Հայաստանի հետ վերամիավորումը յուրաքանչյուր հայի և արցախցու երազանքն է, սակայն դա հնարավոր չէ միջազգային իրավունքի տեսանկյունից»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սենատի բոլոր խորհրդարանական խմբերի ղեկավարների և Ազգային ժողովի խմբակցությունների պատասխանատուների հետ հանդիպմանը բարձր է գնահատել կառույցների հետևողական ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Ֆրանսիացի խորհրդարանականներին ներկայացնելով Արցախում տիրող հետպատերազմյան իրավիճակը՝ Հարությունյանը նշել է՝ Արցախում ցանկանում են, որ Լաչինի միջանցքն ունենա լրացուցիչ միջազգային երաշխիքներ Հայաստանի և արտաքին աշխարհի հետ Արցախի կապն անխափան ապահովելու համար, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---