Պեսկով․ Ղարաբաղում միջազգային խաղաղապահների ներկայության համար պետք է Բաքվի և Երևանի համաձայնությունը

Պեսկով․ Ղարաբաղում միջազգային խաղաղապահների ներկայության համար պետք է Բաքվի և Երևանի համաձայնությունը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղարաբաղում միջազգային խաղաղապահների ներկայության համար անհրաժեշտ պայման է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։ Պեսկովն այդ մասին խոսել է՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ միջազգային խաղաղապահներ գործուղելու գաղափարին։

«Միջազգային խաղաղապահներ կարող են ներգրավվել, եթե լինի երկու կողմի համաձայնությունը, հակամարտության երկու կողմերի, և դա ոչ միայն Հայաստանն է, այլ նաև Ադրբեջանը։ Դուք գիտեք, որ Հայաստանը մեր մերձավոր դաշնակիցներից մեկն է, իսկ Ադրբեջանը մեր շատ կարևոր և թանկագին գործընկերն է»,-ասել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա ասել է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լաչինի միջանցքի թեման Սանկտ Պետերբուրգում։

«Լաչինի միջանցքի թեման իրոք շատ մանրակրկիտ քննարկվել է Սանկտ Պետերբուրգում, այդ թեմայի շուրջ խոսակցությունները կշարունակվեն։ Մենք իրոք մտահոգված ենք այն լարվածությամբ, որն առաջացել է Լաչինի միջանցքի շուրջ»,-ասել է նա։

Նա հավաստիացրել է, որ «ռուսական կողմը կշարունակի իր աշխատանքն ու իր ջանքերը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ շփումներում»։

«ՌԴ-ն շարունակում է և մտադիր է հետագայում ևս շարունակել իր միջնորդական ջանքերը, առաջին հերթին կատարելով այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիման վրա»,-ասել է Պեսկովը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 29-ի կառավարության նիստում, նշելով, որ ՌԴ-ն ու խաղաղապահները Լաչինի միջանցքի ու ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովման ուղիղ պարտավորություններ են ստանձնել, հայտարարել է, որ անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի գնալով ավելի տեսանելի դարձող գործելակերպը։ Միևնույն ժամանակ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է ու ջատագովը։

«Եթե ՌԴ–ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում կայունություն ու անվտանգություն ապահովել ԼՂ–ում, կարծում եմ, պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ–ի ԱԽ–ում՝ ԼՂ-ում խաղաղապահ զորախմբին ՄԱԿ–ի լրացուցիչ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնելով»,– ասել է Փաշինյանը։

Photo՝ Reuters
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---