Վարդանյան․ Շրջափակումը փոխում է պետության առաջնահերթությունները

Վարդանյան․ Շրջափակումը փոխում է պետության առաջնահերթությունները

PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը, հերթական նիստում ներկայացնելով ընթացիկ իրավիճակը, ասել է, որ շրջափակումը նոր մարտահրավերներ է առաջ բերում:

«Շրջափակումը փոխում է տնտեսությունն ու պետության առաջնահերթությունները: Պետությունն արդեն ստիպված է արձագանքել շրջափակման հետևանքով տնտեսական և սոցիալական ոլորտներում առաջացող խնդիրներին՝ վերանայելով իր աշխատանքը, մոտեցումները, ուղղությունները»,- ասել է Վարդանյանը, հայտնում է պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Միաժամանակ շրջափակումն ու դրա հետևանքով ստեղծված ճգնաժամը, ըստ նրա, ստիպում են ավելի ռացիոնալ օգտագործել առկա ռեսուրսները, բացահայտել բոլոր խնդիրները, այդ թվում՝ ստվերային տնտեսության հետ կապված, ներդնել կառավարման ավելի արդյունավետ մոդելներ:

Նշվել է նաև, որ պետնախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղած միջոցառումներ մշակելու նպատակով:

Ներկայացվել է հանրապետությունում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը, որը շարունակում է լարված մնալ: Հայաստանից Արցախ էներգասնուցումը նախկինի պես խափանված է, քանի որ ադրբեջանական կողմը մասնագետներին թույլ չի տալիս այցելել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք՝ հասկանալու խափանման պատճառները: Բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար վաղվանից անցում կկատարվի հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի՝ ներկայիս երկու ժամվա փոխարեն:

Նիստի ընթացքում զեկուցվել է կտրոնային համակարգի ներդրման ընթացքը, տեղեկացվել է, որ կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցով: Համակարգի սահուն ներդրման նպատակով համապատասխան բացատրական և ուսուցողական աշխատանքներ են իրականացվելու ինչպես մատակարարների, այնպես էլ առևտրային կետերի սեփականատերերի համար: Առաջնային մի քանի խումբ ապրանքների՝ կտրոններով վաճառքն իրականացվելու է ամբողջ հանրապետությունում՝ Ստեփանակերտում 200, շրջաններում՝ 400 խանութների միջոցով:

Պետնախարարը կարևորել է համակարգի ներդրմանը զուգահեռ՝ բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների իրականացումը: Նա նաև անհրաժեշտ է համարել համապատասխան տեղեկատվական բազաների ստեղծումը:

Զեկուցվել է իրավիճակը պարենային ապրանքների, դեղորայքի, դիզվառելիքի շուկաներում: Նշվել է նաև, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է նվազեցնել լարվածությունը կանխիկի դրամաշրջանառության մասով:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---