Արայիկ Հարությունյան․ Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա և չի կարելի նման բան թույլ տալ

Արայիկ Հարությունյան․ Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա և չի կարելի նման բան թույլ տալ

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպմանը, անդրադառնալով վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում ԱՀ ներքաղաքական կյանքի վերաբերյալ բուռն քննարկումներին, ասել է, որ երկրում ներքաղաքական ճգնաժամ չկա։

Հարությունյանը նշել է, որ զերծ կմնա եղած շահարկումները մեկնաբանելուց, ընդամենը կարող է հստակ ասել, որ չի կարելի նման բան թույլ տալ, քանի որ կա հստակ գիտակցում, որ հիմնական օրակարգը ծագած հրատապ խնդիրները հաղթահարելն է ու Արցախն այս իրավիճակից դուրս բերելը:

Այդ համատեքստում նա շեշտադրել է, որ միայն շրջափակման հարուցած ճգնաժամի հաղթահարումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ ներքաղաքական հիմնախնդիրների համակարգային լուծման հարցերին:

Նա խոսել է ավելի քան մեկ ամիս տևող շրջափակման հետևանքների, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված ձեռնարկվող քայլերի մասին: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ այս համատեքստում շատ կարևոր է ներքին միասնականության պահպանումը՝ այդ գործում ընդգծելով խորհրդարանական ուժերի կողմից այս օրերին իրականացվող միահամուռ աշխատանքը:

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը նաև պատասխանել է պատգամավորներին հուզող հարցերին:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը առաջարկել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին միասին հրաժարական տալ, ինչին կհաջորդեին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարական չի պատրաստվում ներկայացնել։

«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը»,-գրել էր նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---