Փաստաբան․ Հաագայում ներկայացրած ականներն Ադրբեջանը վերցրել է ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելուց հետո, ոչ թե ԼՂ-ի

Փաստաբան․ Հաագայում ներկայացրած ականներն Ադրբեջանը վերցրել է ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելուց հետո, ոչ թե ԼՂ-ի

PanARMENIAN.Net - Իրավախորհրդատու, միջազգային իրավունքի փորձագետ, պրոֆեսոր Շոն Մըրֆին Հաագայի դատարանում, պատասխանելով Ադրբեջանի այն կեղծ պնդումներին, թե իբր Հայաստանն ականներ է տեղափոխում Լաչինի միջանցքով և տեղադրում բնակավայրերի մոտ, հայտարարել է, որ Հաագայում ներկայացրած ականներն Ադրբեջանը վերցրել է ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելուց հետո, ոչ թե ԼՂ։

«Հայաստանը բացառապես իր ինքնիշխան տարածքում է ականներ տեղադրել միայն ինքնապաշտպանական նպատակներով։ Դա անհարժեշտ եղավ, քանի որ 2021թ․ մայիսին, 2021 թ․ նոյեմբերին և 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանը հատեց Հայաստանի սահմանը, մտավ Հայաստան և բռնազավթեց Հայաստանի տարածքների որոշ մասը, և դրանք դեռևս մնում են Ադրբեջանի կողմից բռնազավթված։ Այդ հարձակումները և միջազգային հանրության կողմից դրանց դատապարտումը փաստաթղթերով հստակ արձանագրված են»,- նշել է Շոն Մըրֆին, գրում է Factor.am-ը։

Մըրֆին հավելել է, որ ԵԽ-ն 2021-ի մայիսին ընդունել է բանաձև, որտեղ արձանագրվել է, որ Ադրբեջանի զորքերը մուտք են գործել Հայաստանի տարածք՝ այդ կերպ խախտելով ՀՀ տարածքային անձեռնմխելիությունը և միջազգային իրավունքի նորմերը։

«Նախագահ Մակրոնը հայտարարեց, որ Ադրբեջանի Զինված ուժերը մտել են Հայաստանի տարածք, նրանք պարտավոր են անմիջապես դուրս գալ։ Այսպիսի հայտարարությունների շարքը կարելի է շարունակել»,- նշել է միջազգային իրավունքի փորձագետը՝ ընդգծելով, որ այդ հարձակումների սկզբնական շրջանում Հայաստանն անհրաժեշտ էր համարել իր տարածքում ականներ տեղադրել՝ պաշտպանական նպատակներով։

Հունվարի 31-ին Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։ Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը և երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։ Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանից հայտարարել է, որ անհապաղ միջոցներ է ակնկալում, հակառակ դեպքում Լեռնային Ղարաբաղի հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ և սովամահ լինել։ Արդարադատության միջազգային դատարանից Ադրբեջանը պահանջել է պարտավորեցնել Հայաստանին դադարեցնել «ադրբեջանական տարածքների ականապատումը» և Լաչինի ճանապարհի օգտագործումը՝ Ղարաբաղ «ականները տեղափոխելու համար»։ Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի դատարանում պահանջել է հրատապ միջոց կիրառել Հայաստանի դեմ՝ պնդելով, թե նոր փաստեր ունի։ Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հերքել է Բաքվի մեղադրանքները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---