ԱՀ նախագահի խոսնակ․ Սպասում ենք ադրբեջանական կողմի քայլերին, որ մեր մասնագետները հասնեն էլեկտրամատակարարման խափանման վայր

ԱՀ նախագահի խոսնակ․ Սպասում ենք ադրբեջանական կողմի քայլերին, որ մեր մասնագետները հասնեն էլեկտրամատակարարման խափանման վայր

PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահների մասնակցությամբ Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների միջև փետրվարի 24-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի և էլեկտրականության կայուն ու անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր: Այդ մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

Նա նշել է, որ սպասում են ադրբեջանական կողմից համապատասխան քայլերի, որոնք հնարավորություն կտան արցախցի մասնագետներին հասնել էլեկտրամատակարարման խափանման վայր, գնահատել վնասը և սկսել վերանորոգման աշխատանքները, գրում է Արցախպրեսը։

«Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման, Շինուհայր-Ստեփանակերտ 110կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ։

Ինչ վերաբերում է ճանապարհի արգելափակման վերացմանն, ապա մեր տվյալներով այդ ուղղությամբ ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել, և հույս ունենք, որ կարճ ժամկետում դրական տեղաշարժ կլինի այդ առումով նույնպես»,- ասել է Ավանեսյանը։

Ավելի վաղ հայտն էր դարձել, որ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։ Այդ մասին հայտնել էին Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունից։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---