Կլաար․ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներն ունեն քաղաքական կամք՝ վերացնելու հակամարտության հետևանքները

Կլաար․ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներն ունեն քաղաքական կամք՝ վերացնելու հակամարտության հետևանքները

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը ժամանակ է պահանջում, քանի որ հաջորդել է 30-ամյա հակամարտությանը։

«Կարևոր է, որ ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարներն ունեն քաղաքական կամք՝ վերացնելու այս հակամարտության հետևանքները։ Այս տեսանկյունից մենք կարծում ենք, որ նախագահ Ալիևը հավատարիմ է այս գործընթացին, ինչպես և վարչապետ Փաշինյանը։ Բայց դա ժամանակ է պահանջում և հեշտ գործընթաց չէ», - ասել է Կլաարը:

Նա հավելել է, որ ԵՄ նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հաղթահարել հակամարտության հետևանքները: Նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերաբար հանդիպումների և կարևոր հարցերի վրա աշխատելու հնարավորությունը՝ նշելով, որ մի քանի ամիս է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները չեն հանդիպել։

«Որոշ ժամանակ է, ինչ Բրյուսելում հանդիպումներ չեն եղել։ ԵԽ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի մոտեցումն այն է, որ երկու երկրների ղեկավարների վերադարձը Բրյուսել կարևոր նշանակություն կունենա։ Խոքսը ոչ միայն Բրյուսելի մասին է ՝ արդեն մի քանի ամիս է, ինչ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները ոչ մի հանդիպում չեն ունեցել։ Մենք կարծում ենք, որ նրանց համար իրոք կարևոր է կանոնավոր հանդիպումներ ունենալն ու կարևոր հարցերի էության վրա աշխատելը։ Ինչն էլ տեսնում ենք Բրյուսելում։ Միշելը շատ է ցանկանում, որ ղեկավարները կրկին այցելեն Բրյուսել։ Մի քանի շաբաթ առաջ երկու երկրների ղեկավարների հետ հանդիպում է եղել Մյունխենում։ Ես Բաքվում եմ, մինչ այդ Երևանում էի։ Հիմա սպասում ենք, որ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները մոտ ապագայում կրկին հանդիպեն Բրյուսելում»,-ասել է նա՝ հավելելով, որ դժվար թե այդ հանդիպումը մինչև Նովրուզ կայանա։

Նա նշել է, որ ԵՄ-ն երկար տարիներ աշխատում է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի և կազմակերպությունների հետ, բայց, ի վերջո, դա կախված է ոչ միայն ԵՄ-ից, այլև երկրների, նրանց ղեկավարների գործողություններից։

Կլաարն ասել է նաև, որ Լաչինի միջանցքով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն իրավաչափ է։ «Ըստ իս, դա անելու մի քանի եղանակ կա։ Կարծում եմ, դրանցից մի քանիսը քննարկվել է նախկինում։ Օրինակ, լրացուցիչ սարքավորումներ ունենալ անցակետում, որպեսզի ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել բեռնափոխադրումներն այդ շրջանում։ Կարծում եմ մի քանի միջոց կա դա անելու և կարևոր է, որ դա մանրակրկիտ կերպով քննարկվի»,-ասել է Կլաարը։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ինչպիսին էլ լինեն փաստերն այսօր ներմուծվող բեռների մասին, դրանք հաստատ այն մակարդակի չեն, ինչ 2022-ի նոյեմբերին, և մենք կարծում ենք, որ պետք է վերադառնալ այն վիճակին, որը կար մինչ բողոքի ակցիան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---