Առաջարկ. ՀՀ-ում հրավառություն անել միայն տոներին կամ մեծ միջոցառումներին

Առաջարկ. ՀՀ-ում հրավառություն անել միայն տոներին կամ մեծ միջոցառումներին

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է կանոնակարգել հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումն ու առևտրի իրականացման ոլորտը։ Նրա հեղինակած նախագծով նախատեսվում է, որ հրավառություն կլինի միայն տոն օրերին կամ մեծ միջոցառումների ժամանակ։

Ըստ նախագծի՝ համապատասխանեցվում են Հայաստանի տեխկանոնակարգերը ԵԱՏՄ-ի տեխկանոնակարգերին և արգելվում են 3-րդ, 4-րդ և 5-րդ դասի (հրավառությունները) հրագործական արտադրատեսակների ներմուծումը, կիրառումը և վաճառքը, գրում է Aysor.am-ը։

«Այսինքն՝ եթե հրավառություն կլինի Հայաստանի Հանրապետությունում, ապա դա կա՛մ համայնքային, կա՛մ պետական նշանակության տոն օրերին է։ Իհարկե, իդեալական կլինի, որ այս օրենքի ընդունումից հետո հենց այդպես էլ լինի, որովհետև, ցավոք, ոչ միայն Հայաստանում, այլև բոլոր երկրներում էլ արգելված որոշակի արտադրատեսակների ներքին ապօրինի շրջանառություն լինում է, բայց, կարծում եմ, որ այս օրենքի ընդունումը կհանգեցնի նրան, որ մենք փաստացի կունենանք 90 և ավելի տոկոս նվազում։ Երբ հրավառություն կտեսնենք, պետք է հասկանանք, որ ՀՀ-ում տոն օր է կամ էլ մեծ միջոցառում է կազմակերպվել պետության կամ համայնքի մասնակցությամբ»,- ասել է Գաբրիելյանը:

Ինչ վերաբերվում է 1-ին և 2-րդ դասի հրագործական արտադրատեսակներին, օրինակ՝ բենգալյան կրակ, պատգամավորը նշել է, որ դրանց ներմուծումը և վաճառքը կշարունակվի և որևէ սահմանափակում նախատեսված չէ։

«Միայն որոշակի պահանջներ կներդրվեն դրանց պահեստավորման և տեղափոխման հարցում»,- հավելել է Գաբրիելյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---