Վարդանյան․ Հայկական ամբողջ աշխարհը պետք է միանա՝ Արցախը բոլորի հարցն է, ոչ թե միայն արցախցիների

Վարդանյան․ Հայկական ամբողջ աշխարհը պետք է միանա՝ Արցախը բոլորի հարցն է, ոչ թե միայն արցախցիների

PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է հանրության հետ շփվելու նոր ձևաչափի մասին և պատասխանել օգտատերերի իրեն ուղղված հարցերին։ Այն հարցին, թե ինքն իրո՞ք հավատում է, որ կարելի է ապրել թշնամիների հարևանությամբ և ունենալ անվտանգ, ծաղկող պետություն, Վարդանյանը պատասխանել է վստահ է, որ կարող են ունենալ զարգացած, արժանապատիվ, ուժեղ պետություն։

Նա նշել է, որ հայկական ամբողջ աշխարհը պետք է միանա և ցուցաբերի նույն մոտեցումը, որ Արցախը բոլոր հայերի հարցն է, ոչ միայն արցախցիների, գրում է Aysor.am-ը։

«Ես վստահ եմ, որ մենք կարող ենք ունենալ զարգացած, արժանապատիվ, ուժեղ պետություն՝ հասկանալով, որ մեր հարևան պետությունը շարունակելու է իր ռազմավարությունը, որ Արցախը չպիտի լինի անկախ և հայկական։ Դա դժվար իրավիճակ է, նմանատիպ այլ պատմություններ էլի գիտենք։

Միակ պատասխանը դրան՝ լինել ուժեղ։ Մենք պետք է հասկանանք, որ հարևան պետությունը պետք է զգա, որ բոլորը, ովքեր ապրում են Արցախում, պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը, պատրաստ են մինչև վերջ գնալու, որպեսզի մենք ունենանք մեր անկախությունը, որ ներսում ունենալով տարբեր խնդիրներ, տարբեր հարցեր, տարբեր հարաբերություններ՝ պատրաստ ենք համախմբվել թշնամու դեմ։ Եվ այդ ուժը ցուցաբերելով, հավատացեք, հարևան պետությունը չի կարող անել այն, ինչ մեզ թվում է՝ կարող է, քանի որ ինքն ավելի մեծ է։

Եթե մենք լինենք ուժեղ, համախմբված, եթե ցուցաբերենք այդ կամքը, այդ ոգին, այդ էներգիան, մենք կունենանք դաշնակիցներ, որ մեր կողքին կկանգնեն։ Այդ դաշնակիցները պետք է տեսնեն մեր կողմից 100 տոկոսով նվիրվածությունը մեր հայրենիքին, 100 տոկոսով պատրաստականությունը մեր հայրենիքը պաշտպանելու։ Եվ պետք է տեսնեն, որ մենք իրենց ինչ-որ հարցերում կարող ենք աջակցել, օգնել»,-ասել է Վարդանյանը։

Նա նշել է` կարևոր է, որ ամեն ինչ լինի երկկողմանի։

«Եթե մենք կարողանանք այդ երկու հարցը համախմբել, ամեն ինչ կհաղթահարենք։ Արցախը որպես անկախ պետություն, մի մասն է հայկական աշխարհի։ Ամբողջ հայկական աշխարհը պետք է միանա և ցուցաբերի նույն մոտեցումը, որ Արցախը բոլոր հայերի հարցն է, ոչ թե միայն արցախցիների»,-ասել է Վարդանյանը։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
---