ՄԱԿ-ի 5 մանդատակիր կոչ է արել Բաքվին անհապաղ ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

ՄԱԿ-ի 5 մանդատակիր կոչ է արել Բաքվին անհապաղ ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Մարդու իրավունքների 5 հատուկ մանդատակիր Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, հայտնում է Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ ապրիլի 3-ին հրապարակվել է Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի հինգ մանդատակիրների կողմից Ադրբեջանի կառավարությանն ուղղված դիմումը, որում կոչ է արվում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար Լաչինով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։

«ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները, մասնավորապես, նշում են, որ Լաչինի միջանցքը միակ ուղին է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ և ունի խոշոր հումանիտար նշանակություն։ Շրջափակումը խափանել է պարենի, դեղորայքի, վառելիքի և այլ կենսական ապրանքների առաքումը Լեռնային Ղարաբաղի մոտ 120,000 բնակչությանը։ Հումանիտար իրավիճակը վատթարացել է գազի մատակարարման պարբերական ընդհատումներով, ինչը խաթարել է բժշկական հաստատությունների աշխատանքը, փակվել են կրթական հաստատությունները։

Հատուկ մանդատկիրները խիստ մտահոգություն են արտահայտում, որ Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարի շարունակական արգելափակումը կարող է ծանր հումանիտար հետևանքներ ունենալ բնակչության համար և խախտել նրանց իրավունքները»,-ասվում է գրառման մեջ։

Հաղորդագրությունն ուղարկվել է ՄԱԿ-ի Պարենի իրավունքի հարցով հատուկ զեկուցողի, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի, Կրթության իրավունքի հարցով հատուկ զեկուցողի, Ֆիզիկական և հոգեկան առողջության ամենաբարձր հասանելի չափանիշներից օգտվելու իրավունքի հարցով հատուկ զեկուցողի և Տարեցների կողմից մարդու բոլոր իրավունքներից օգտվելու հարցով անկախ փորձագետի անունից:

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---