Ավինյան․ Երևանում օդի աղտոտվածության խնդիր կա՝ փոշու հետ կապված վիճակը պետք է կառավարվի

Ավինյան․ Երևանում օդի աղտոտվածության խնդիր կա՝ փոշու հետ կապված վիճակը պետք է կառավարվի

PanARMENIAN.Net - Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքում օդի աղտոտվածության խնդրին, նշել է, որ հիմնական պատճառը՝ հանքերն են ու շինարարությունը, ինչպես նաև տրանսպորտը։

«Առաջինը շահագործվող հանքերն են, որոնք, վստահ եմ, չունեն փոշու որսիչ կայաններ, երկրորդը շինարարությունն է, որը շատ մեծ ծավալների է հասնում՝ միայն նախորդ տարի 4000-ից ավել շինթույլտվություններ են տրվել, և երրորդը տրանսպորտն է: Մենք պարտավոր ենք գտնել ճիշտ բանաձև և խնդիրը լուծել այնպես, որ փոշու հետ կապված իրավիճակը Երևանում լինի կառավարելի»,- ասել է նա։

Խորհրդակցության ժամանակ նշվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում շինարարական աշխատանքների նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում կազմվել է 32 արձանագրություն:

Զեկուցվել է, որ ակտերի թիվն ավելացել է երեք անգամ: Դրանք մասնավորապես, ապօրինի շինությունների կառուցման և հողազավթման, շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման և սանիտարական կանոնների խախտման դեպքեր են:

Կարևորելով ոլորտում համակարգային փոփոխությունների իրականացումը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ համայնքն այսուհետ շատ ավելի խիստ է մոտենալու շինարարական ստանդարտներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---