Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը

Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է մասնավոր տրանսպորտի համար Լաչինի միջանցքի շուտափույթ բացման կարևորությունը և մտահոգություն հայտնել այնտեղ անցակետ ստեղծելու կապակցությամբ։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ, հայտնում է Shantnews.am-ը։

Նրա խոսքով՝ Բլինքենը զրուցել է Ալիևի հետ՝ «ընդգծելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների կարևորությունը և խոստացել է ԱՄՆ-ի հետագա աջակցությունը»։ Բլինքենն իր համոզմունքն է հայտնել, որ «խաղաղությունը հնարավոր է»։

Նա նաև հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու փորձերը և ընդգծել է Լաչինի միջանցքի հնարավորինս շուտ բացումը առևտրային և մասնավոր տրանսպորտի համար:

Ապրիլի 29-ին Էնթոնի Բլինքենը խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանն ընդգծել էր, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ: ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ԱՄՆ-ում են պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---