Արցախցիները բետոնե արգելապատնեշներ են տեղադրել Ասկերան-Ակնա ճանապարհին

Արցախցիները բետոնե արգելապատնեշներ են տեղադրել Ասկերան-Ակնա ճանապարհին

PanARMENIAN.Net - «Արցախի անվտանգության ու զարգացման ճակատի» անդամները՝ Ասկերանի բնակիչների հետ մեկտեղ, բողոքի ակցիա են անցկացրել Ասկերան-Ակնա ճանապարհին ու բետոնե արգելապատնեշներով փակել այն։

Արցախցիները մտավախություն ունեն, որ միջազգային դերակատարների, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախը կլանելու հերթական ծրագիրը կարող է գործի դրվել, հայտնում է «Փաստինֆոն»։

«Փաշինյանի, Ալիևի ու Միշելի վերջին հանդիպումից հետո տարածված հայտարարությունը լուրջ մտահոգություն է առաջացրել, որ Արցախի, այսպես կոչված, ինտեգրացիային հասնելու համար Ադրբեջանը փորձելու է ամեն կերպ Արցախ մտցնել բեռներ ու ակտիվ քարոզչական նյութերով ցույց տալ միջազգաային հանրությանը, թե այստեղ հումանիտար օգնություն է հասցնում։ Դա անթույլատրելի է, քանի որ դրանից հետո արդեն Ադրբեջանը միանգամից կկլանի Արցախի մնացյալ մասը։ Որպեսզի նման բան թույլ չտանք, բետոնե արգելապատնեշ ենք դրել մեր ոստիկանական կետի մոտ՝ ճանապարհին։ Քանի որ, ցավոք, նախադեպ կա, երբ մեր կարմիր գիծը հատվել է՝ Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետով մեր քաղաքացիներն անցել են, ուստի մտավախություն ունենք, որ սա ևս կարող է կյանքի կոչվել»,-ասել է ակցայի մասնակից Դավիթ Ղահրամանյանը։

Նա հավելել է, որ Արցախի կյանքի ճանապարհը միայն Բերձորով է անցնում․ այդ ճանապարհին այլընտրանք չի կարող լինել։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել, սակայն Ադրբեջանը չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։

Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը կրկին ամբողջությամբ արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր Կարմիր խաչի մեքենաներում, որոնք անցնում են այդ անցակետով, մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»:Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---