Բաքուն հրաժարվել է Բրատիսլավայում Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումից

Բաքուն հրաժարվել է Բրատիսլավայում Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումից

PanARMENIAN.Net - Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ օգոստոսի 1-ին Բրատիսլավայում պետք է կայանար հանդիպում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, սակայն Ադրբեջանը առանց որևէ բացատրության հրաժարվել է մասնակցությունից։

Նա նշել է, որ Մոսկվան այս պահին առաջարկում է գնալ Եվլախ հանդիպման, ինչը նա այս պայմաններում որակել է որպես «անարգանք ու ծաղր է», հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն մի քանի անգամ է փորձում է պարտադրել, որպեսզի Արցախից մարդ գնա Բաքու «բանակցությունների»։

«Մենք բոլորս գիտենք, թե ինչ է այնտեղ կատարվելու, որևէ բանակցություն, երկխոսություն չի լինելու։ Այս ֆոնին Եվրոպան և ԱՄՆ-ն փորձ են կատարում հանդիպում կազմակերպել երրորդ երկրում։ Ամսի 1-ին պետք է տեղի ունենար հանդիպում, նախնական Սոֆիայում՝ Արցախի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների միջև։ Հետո, Ռուսաստանն այդ ամենը իմանալով, խաղի մեջ մտավ։ Փորձեց առաջ անցնել և ամսի 25-ին հանդիպում կազմակերպվեց Լավրովի հետ, որի ընթացքում նա մեզ կոչեց ազգային փոքրամասնություն, որն անընդունելի էր, ինչը ցույց տվեց ՌԴ այսօրվա իշխանության քաղաքականությունը։ Այդ ֆոնին ԱՄՆ-ի և Եվրոպայի միջնորդությամբ ֆորմատը փոխվեց և վաղը՝ օգոստսի 1-ին, Բրատիսլավայում պետք է կայանար հանդիպում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, սակայն Ադրբեջանն առանց որևէ բացատրության հրաժարվել է մասնակցությունից։ Այս երկու օրը դրսի ներկայացուցիչները կժամանեն Երևան և որոշ քննարկումներ կլինեն։ Իսկ ահա Մոսկվան այս պահին առաջարկում է գնալ Եվլախ հանդիպման։ Այն պայմաններում, որ Ադրբեջանի կողմից առևանգվում է մեր հայրենակից Վագիֆ Խաչատրյանը, ՌԴ-ի նման պահվածը մեր նկատմամաբ անարգանք ու ծաղր է», - հայտարարել է նա։

Հուլիսի 29-ին որպես բուժառու ՀՀ մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը առևանգվել է Հակարիի կամրջի մոտի անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից։ Ըստ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի` Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղևորվել է դեպի Հակարիի կամրջի ներքևի հատված, մոտ 10 րոպե անց «Շևրոլե» մակնիշի մեքենայով ԿԽՄԿ ներկայացուցիչը վերադարձել է «անցակետ», իսկ Վագիֆ Խաչատրյանը տարվել է անհայտ ուղղությամբ։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առևանգված Բաքվի հիվանդանոցներից մեկում է։ Նրա գտնվելու վայրի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։

Խաչատրյանի՝ ադրբեջանցիների կողմից առևանգման փաստով Արցախում քրգործ է հարուցվել։ Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---