Ռուսաստանը Հայաստանից պարզաբանում է խնդրել Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ

Ռուսաստանը Հայաստանից պարզաբանում է խնդրել Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Մոսկվան Երևանից պարզաբանում է խնդրել Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ և հայտարարել, որ իր հետագա գործողությունները կբխեն հայկական կողմի պատասխանից։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ իշխանությունների գործողությունները, գրում է ՏԱՍՍ–ը։

ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի վավերացմանն է ուղարկել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։ Նախագիծը խորհրդարանում կքննարկվի սովորական ընթացակարգով. սա նշանակում է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հռոմի ստատուտը կքննարկվի պետաիրավական հարցերի հանձնաժողովում, դրանից հետո՝ խորհրդարանի լիագումար նիստում։

«Մենք արդեն պարզաբանում ենք խնդրել հայկական կողմից այդ հարցի վերաբերյալ և մեր հետագա քայլերը կորոշենք՝ ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից»,–ասել է Զախարովան։

2023–ի մարտին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել էր, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը: Դրանից մեկ շաբաթ առաջ Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել:

Ի պատասխան ռուսական կողմի մտահոգությունների, թե Հռոմի ստատուտի վավերացումը ռիսկեր է պարունակում Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն։ Արշակյանը նաև ընդգծել է, որ ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան Միջազգային դատարանի կողմից Ռուսաստանի նախագահի նկատմամբ կայացված որոշումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---