Աֆեյանը CNN-ի եթերում խոսել է ԼՂ–ում էթնիկ զտման և Վարդանյանի ապօրինի ձերբակալության մասին

Աֆեյանը CNN-ի եթերում խոսել է ԼՂ–ում էթնիկ զտման և Վարդանյանի ապօրինի ձերբակալության մասին

PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ձեռնարկատեր և բարերար, Moderna ընկերության համահիմնադիր Ամերիկյան Moderna դեղագործական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը CNN-ի լրագրող Քրիստիան Ամանփուրի հետ զրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման մասին։

Նա նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ապօրինի ձերբակալությանը Ադրբեջանի կողմից։

Աֆեյանն անդրադարձել է 2020 թ․-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին, դրանից 2 տարի անց Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը և 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակմանը, հայտնում է Aysor.am-ը։

«Երբ մենք խոսում ենք 120 հազար մարդու մասին, որոնք լքում են իրենց հայրենի հողը, դա էթնիկ զտում է՝ դասական սահմանմամբ։ Եվ դա իմ կողմից տրված սահմանումը չէ։ Դա սահմանում է՝ տրված միջազգային փորձագետների մեծ մասի կողմից, որոնք բարձրաձայնել են այս մասին վերջին մեկ ամսվա ընթացքում՝ ասելով, որ այն, ինչ տեղի է ունենում, նախ՝ շրջափակումը, այնուհետև դրան հաջորդող իրադարձությունները, էթնիկ զտում են», - ասել է Աֆեյանը։

Անդրադարձել Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը՝ նա շատ ցավալի է անվանել այդ իրավիճակը։

«Սա, իսկապես, չափազանց անձնական և ցավալի իրավիճակ է», - նշել է Աֆեյանը՝ հիշելով տարբեր մարդասիրական նախագծերում Ռուբեն Վարդանյանի հետ իր 23 տարվա համատեղ աշխատանքի մասին, նաև ասելով, որ Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնից հեռանալուց հետո էլ մնացել է Լեռնային Ղարաբաղում և տեղում մարդասիրական նախագծեր իրականացրել։

Moderna-ի ղեկավարը նշել է, որ Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված մեղադրանքներն անհիմն են, և հույս է հայտնել, որ միջազգային տերությունները ինչ-որ բան կձեռնարկեն ինչպես Ռուբեն Վարդանյանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի մյուս ձերբակալված պաշտոնյաների հարցով, քանի որ անգործությունը և անպատժելիությունը խրախուսում են նման անարդարությունները։

ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։ Ադրբեջանի կողմից ձերբակալվածների թվում են նաև ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։

ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀՀ–ն կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---