1 դեկտեմբերի 2023 - 13:53 AMT
Թալեբը Երևանում խոսել է համաշխարհային տնտեսության ռիսկերի մասին․ 3 սպառնալիք է նշել

Ամերիկացի տնտեսագետ և հրապարակախոս Նասիմ Թալեբը Երևանում թվարկել է այն 3 պոտենցիալ սպառնալիքները, որոնց կարող է բախվել մարդկությունը առաջիկա տարիներին: Միևնույն ժամանակ նա ռիսկերին դիմակայելու հնարավորությունը համեմատել է ինքնաթիռի թռիչքի և փոթորիկը հաղթահարելու դրա պատրաստականության հետ:

Թալեբը նշել է, որ երկար տարիներ թրեյդեր է աշխատել և առաջին հերթին կենտրոնանում է ռիսկերի գնահատման վրա, փորձում է հասկանալ՝ արդյոք գործարարները գիտեն, թե ինչպես են իրենց ընկերությունները դիմանալու փոթորկին, հայտնում է Sputnik Արմենիան։

Հնարավոր սպառնալիքների թվում Թալեբը նշել է համավարակը։

«Ես դեռ կորոնավիրուսից առաջ եմ համաճարակի մասին խոսել իմ «Սև կարապը» գրքում։ Մարդիկ ոչ միշտ գիտեն, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները: Եվ մենք տեսանք, որ դա ռիսկի մեծ աղբյուր է, քանի որ կարող են տարբեր համաճարակներ բռնկվել», - ասել է Թալեբը։

Երկրորդ ռիսկը կարող է լինել ֆինանսական համակարգի փլուզումը։ Նա հիշեցրել է 2008 թվականի ճգնաժամը, որը շատ ավելի բացասաբար անդրադարձավ մարդկանց կյանքի վրա, քան մահացու հիվանդությունները։ Այն մեղմելու և դրան հակազդելու համար միջոցներ են անհրաժեշտ։ Այժմ ԱՄՆ-ում ամենամեծ ռիսկը կապված է անշարժ գույքի շուկայի փլուզման հետ։

Երրորդը արևմտյան երկրների պարտքի աճի վտանգավոր տեմպերն են։

«Եթե ձեզ ասում են, որ ռիսկերը կապված են Չինաստանի, ուկրաինական պատերազմի, Գազայի հատվածի հետ, ապա այնքան էլ այդպես չէ», - ասաց նա:

Նա պարզաբանել է, որ ճգնաժամերը սարսափելի չեն, եթե երկրի տնտեսությունը ֆինանսապես ուժեղ է։

«Գիտության և գործարարության օրեր» համաժողովն անցնում է դեկտեմբերի 1-2–ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Տոմսը նախատեսված է 2 օրվա մասնակցության համար։ Տոմսերի արժեքը 10,000-500,000 դրամ է:

Ընթերցեք նաև․ Թալեբ. Ափսոս, որ Արարատը Թուրքիայում է

Photo. Bloomberg | Getty Images