«ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է աշխարհում լավագույնը

«ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է աշխարհում լավագույնը

PanARMENIAN.Net - «ՏաԹևեր» ճոպանուղին արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավորներից համարվող միջազգային մրցանակի՝ World Travel Awards-ի: Հայկական ճոպանուղին հաղթել է մրցույթում՝ մրցակցելով Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և ՀԱՀ-ի ճոպանուղիների հետ և ճանաչվել լավագույնը:

2023 թ․ դեկտեմբերի 1-ին Դուբայում տեղի է ունեցել World Travel Awards հեղինակավոր միջազգային մրցանակի հաղթողների 30-րդ մրցանակաբաշխությունը։ Բաց քվեարկության արդյունքում «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում առաջին տեղն է զբաղեցրել «ՏաԹևեր»-ը:

Արարողության ժամանակ պատվավոր մրցանակը ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին:

World Travel Awards մրցանակաբաշխությունը հաճախ անվանում են «Զբոսաշրջային Օսկար»։ Այն հիմնադրվել է 1993 թ-ին և այդ ժամանակից ի վեր ծառայել է որպես ճանապարհորդության և հյուրընկալության ոլորտում կարևոր նվաճումների չափանիշ: «ՏաԹևեր» ճոպանուղին արդեն 2-րդ անգամ է ճանաչվել աշխարհի լավագույն ճոպանուղի. 1-ին մրցանակն այս նախագիծը Հայաստանին բերել էր 2021 թ-ին:

«Հայրս իր ողջ կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն: Նա իրականացրել է բազմաթիվ բարեգործական, սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր, որոնք փոխել են մարդկանց կյանքի որակը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Դեպի միջնադարյան հրաշալի վանական համալիր տանող աշխարհի ամենաերկար՝ «ՏաԹևեր» ճոպանուղու նախագիծը դրա վառ օրինակներից է: Այն մեծ ազդեցություն է ունեցել ինչպես տարածաշրջանի զարգացման վրա՝ դարձնելով այն զբոսաշրջային տեսանկյունից գրավիչ, այնպես էլ զգալիորեն բարելավել է տեղի բնակչության կյանքի որակը: Այս մրցանակը հայրս պետք է ստանար, բայց, ինչպես գիտեք, նա և տասնյակ հայեր քաղաքական դրդապատճառներով ապօրինի ձերբակալվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից և գտնվում են Բաքվի բանտում: Հուսով եմ՝ հաջորդ մրցանակը նա անձամբ կստանա»,- ասել է Դավիթ Վարդանյանը:

Տասներեք տարվա ընթացքում «ՏաԹևեր» է այցելել ավելի քան 1 միլիոն մարդ: Հայաստան այցելող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ իր ծրագրում ընդգրկում է ճոպանուղին, ինչի շնորհիվ զբոսաշրջային հոսքը դեպի Սյունիքի մարզ 2010 թ-ի համեմատ աճել է 17 անգամ:

Ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: Ճոպանուղին շահույթ չհետապնդող նախագիծ է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանական համալիրի վերականգնմանը և համայնքի զարգացմանը: «ՏաԹևերը» կառավարում է Impulse Business Management ընկերությունը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---