Օ՛Բրայեն․ Բլինքենն ակնկալում է առաջիկայում Վաշինգտոնում ընդունել Միրզոյանին և Բայրամովին

Օ՛Բրայեն․ Բլինքենն ակնկալում է առաջիկայում Վաշինգտոնում ընդունել Միրզոյանին և Բայրամովին

PanARMENIAN.Net - Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը X-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով իր այցին Ադրբեջան, կառուցողական է գնահատել հանդիպումները։

Նա նշել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակնկալում է առաջիկայում Վաշինգտոնում ընդունել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։

«Դրական և կառուցողական հանդիպումներ ունեցա Բաքվում։ Ինչպես ասացի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ԱՄՆ–ն ողջունում է Կենտրոնական բանկի նախագահի և էներգետիկայի նախարարի այցերն ԱՄՆ, իսկ պետքարտուղար Բլինքնենն ակնկալում է առաջիկայում Վաշինգտոնում ընդունել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Միրզոյանին և Բայրամովին խաղաղ բանակցությունների անցկացման նպատակով»,–ասվում է գրառման մեջ։

Օ՛Բրայենը Ադրբեջան էր այցելել դեկտեմբերի 6–ին, որտեղ հանդիպումներ է ունեցել այդ երկրի նախագահի և ԱԳ նախարարի հետ։ Նա նշել է, տարածաշրջանում կայուն, արժանապատիվ խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կբացի։

Ավելի վաղ Ջեյմս Օ՛Բրայենը Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել էր, որ առաջիկա շաբաթները որոշիչ կլինեն հայ-ադրբեջանական բանակցություններում։

«Մենք հստակ ասել ենք, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները սեպտեմբերի 19-ից հետո նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չենք տեսել խաղաղության շուրջ բանակցություններում։ Այդ պատճառով չեղարկել ենք մի քանի բարձրաստիճան այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները։ Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացումն էլ կմնա ուժի մեջ, քանի դեռ իրավիճակը չի բարելավվել։ Բաքուն հիմա ուժի դիրքերից է խոսում բանակցություններում, սակայն, նույնիսկ հաղթող կողմը պետք է իմանա՝ երբ է պետք կանգ առնել և գործարք կնքել՝ առավել շահավետ առաջարկի սպասելու փոխարեն»,- հայտարարել էր պետքարտուղարի օգնականը։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---