Միլլեր․ Ռուսաստանը չի խանգարում Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացում ԱՄՆ ջանքերին

Միլլեր․ Ռուսաստանը չի խանգարում Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացում ԱՄՆ ջանքերին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Ռուսաստանը չի խանգարում Միացյալ Նահանգներին՝ ջանքեր գործադրելու հայ - ադրբեջանական կարգավորման ուղղությամբ, հայտնում է «Ազատությունը»։

Միլլերն արձագանքել է այն հիշեցմանը, որ Վաշինգտոնում մինչև 2023 թվականի ավարտը բանակցելու՝ երկու երկրների արտգործնախարարներին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերն անարդյունք մնաց, և դիտարկմանը, թե Ռուսաստանն օտարերկրյա կառավարություններին հորդորել է չմիջամտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

«Ոչ, Ռուսաստանը որևէ ձևով չի խանգարում մեզ ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրել, որոնք, կարծում ենք, անհրաժեշտ են Ադրբեջանին և Հայաստանին, և մենք կշարունակենք հետամուտ լինել դրանց»,–ասել է նա:

Այն հարցին էլ՝ ե՞րբ է պաշտոնական Վաշինգտոնն ակնկալում հյուրընկալել նախարարներին, Պետքարտուղարության խոսնակը պատասխանել է. «Հետևեք, մենք հայտարարությամբ հանդես կգանք, երբ նշանակվի հանդիպում»:

Պաշտոնական Երևանը դրական էր արձագանքել Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման Բլինքենի առաջարկին: Բաքուն, մինչդեռ, պնդել էր, թե կողմնակալ է համարում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի՝ նոյեմբերի15-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի լսումներում արտահայտած կարծիքները, և պահանջել Վաշինգտոնից փոխել դիրքորոշումը՝ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության գործընթացում միջնորդելու համար: Օ'Բրայենը քննադատել էր ադրբեջանական կողմի նախաձեռնած ռազմական հարձակումը, որն ի վերջո հանգեցրեց Արցախի հայաթափմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---