Քերոբյան․ Լաստանավային հաղորդակցությունը մի քանի ամիս է աշխատել՝ բավարար հետաքրքրություն չկար

Քերոբյան․ Լաստանավային հաղորդակցությունը մի քանի ամիս է աշխատել՝ բավարար հետաքրքրություն չկար

PanARMENIAN.Net - Լաստանավային հաղորդակցությունը գործարկվել և աշխատել է մի քանի ամիս, սակայն արտահանողների և ներմուծողների համար բավարար հետաքրքրություն չի առաջացրել: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախատեսվում էր, որ լաստանավային հաղորդակցությունը պետք է Վերին Լարսի անցակետի այլընտրանք դառնար և թույլ տար հայկական բեռները հասցնել Ռուսաստան, գրում է Sputnik Արմենիան։

«Որոշ ժամանակ լաստանավային ուղղությունը մենք աշխատեցրինք (ամենայն հավանականությամբ նախարարը նկատի ուներ Բաթումի և Նովորոսիյսկի միջև գործարկված կոնտեյներային նավը, քանի որ լաստանավը Փոթի–Կովկաս ուղղությունով առհասարակ չի գործարկվել. խմբ.), սակայն զարգացումները ցույց տվեցին, որ մեր հիմնական ջանքերը պետք է ուղղենք այլ երկրներ արտահանումն ակտիվացնելու ուղղությամբ։ Մեր գնահատմամբ՝ այն չի առաջացրել բավարար հետաքրքրություն արտահանողների և ներմուծողների մոտ»,-ասել է Քերոբյանը:

Նախարարի խոսքով իրենք չեն նկատել, որ արտահանող կամ ներմուծող ընկերություններն օգտագործեն լաստանավն այնպես, որ գործընկերները համոզվեն ծրագիրը հնարավոր է շարունակել։

Քերոբյանը նշել է, որ արտահանման դիվերսիֆիկացման համար տարբեր քայլեր են իրականացվում: Գլխավոր ուղղությունը լինելու է մերձավորարևելյան ուղղությունը, Ծոցի երկրները, կարևոր են նաև ասիական, եվրոպական, ամերիկյան ուղղությունները:

Քննարկվում են արտահանման խրախուսման մի շարք նախագծեր՝ օժանդակություն տրամադրելու այն ընկերություններին, որոնք նոր ուղղություններով արտահանում են իրականացնում:

Էկոնոմիկայի նախարարը շեշտել է` միայն մեկ ուղղության վրա ջանքերը կենտրոնացնելուց տեղափոխվելու են խորը դիվերսիֆիկացիայի ուղղությամբ կատարվող աշխատանքների։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանում ծովային տրանսպորտի միացմամբ մուլտիմոդալ փոխադրումներ են գործարկում` նշվել էր, որ Նովոռոսիյսկ–Բաթում բեռնարկղային փոխադրումները Փոթի–Կովկաս նավահանգիստ լաստանավային փոխադրումների արժանի այլընտրանք են։

Փոթի–Կովկաս երթուղով լաստանավային հաղորդակցության գործարկման մասին ՀՀ իշխանությունները հայտարարել էին դեռ 2022–ի մայիսին։ Լաստանավի օպերատոր էր ընտրվել տեղական C&M International լոգիստիկ ընկերությունը, որը շաբաթական երկու անգամ պետք է ուղերթներ իրականացներ Փոթի–Կովկաս և հակառակ ուղղությամբ։ Լաստանավի տարողունակությունը կազմում է 50 բեռնատար ավտոմեքենա և 40 վագոն։ Միևնույն ժամանակ, ՀՀ կառվարությունը պատրաստակամություն էր հայտնել սուբսիդավորել լաստանավային ծախսերն առաջին 6 ամիսների ընթացքում։ Սակայն լաստանավն այդպես էլ չգործարկվեց։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---