Միլլեր․ Սրացումը սահմանին ոչ մեկի շահերից չի բխում

Միլլեր․ Սրացումը սահմանին ոչ մեկի շահերից չի բխում

PanARMENIAN.Net - Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանի պնդումներին, թե իբր ՀՀ–ն սրացման է գնում, հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները պետք է ձեռնպահ մնան սահմանին լարվածություն սրացումից, ինչպես նաև տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ կտրուկ հայտարարություններից։

Նա հավելել է, Վաշինգտոնը «կշարունակի հասկացնել և Ադրբեջանին, և Հայաստանին, որ սրացումը ոչ մեկի շահերից չի բխում»։

«Ես կցանկանայի նշել, որ ԵՄ դիտորդական առաքելությունը մարտի 31–ին հայտարարել է, որ հայ–ադրբեջանական սահմանին հանգիստ է, զորքերի կամ հրետանու որևէ արտառոց տեղաշարժ չի եղել, չնայած այդ հայտարարություններին։

Մենք զգուշացնում ենք և կշարունակենք զգուշացնել, որ կողմերը ձեռնպահ մնան սրվող հռետորաբանությունից և ռազմական գործողություններից սահմանին: Մենք շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցություններն են», - ասել է Միլլերը:

ՀՀ ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերջին օրերի պնդումներն այն մասին, թե սահմանի տարբեր հատվածներում «Հայաստանի զինուժի ակտիվ տեղաշարժ է նկատում»։ Ավելին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---