Տեղահանված արցախցիների վարկերի համար գրավադրված ոսկին կվերադարձվի

Տեղահանված արցախցիների վարկերի համար գրավադրված ոսկին կվերադարձվի

PanARMENIAN.Net - Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկեր ունեցող ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պարտավորությունները կներվեն, գրավադրված ոսկին կվերադարձվի տեղահանված արցախցիներին։ Որոշումը կայացվել է կառավարության նիստում։

Փաստացի ֆինանսական կազմակերպություններում ներկայումս շարունակվում է պահվել գրավադրված մոտ 30 կգ քաշով մոտ 7800 հատ ոսկյա իր:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով հարցը, նշել է, որ խոսքը, մասնավորապես, մոտ 6000 քաղաքացու մոտ 2.8 մլրդ դրամի չափով վարկային պարտավորությունների մասին է:

«Նախագծով առաջարկվում է ներել ոսկյա իրերի գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկերով առանձին ֆիզիկական անձանց մինչև 5 մլն դրամ գումարի չափով վարկային պարտավորությունները և հնարավորություն ստեղծել վերադարձնելու՝ ի ապահովումն այդ պարտավորությունների գրավադրված ոսկե իրերը»,–ասել է նա։

Ըստ նախարարի՝ կառավարություն որոշման ընդունումից հետո որոշման շահառու հանդիսացող անձինք կարող են դիմում ներկայացնել ֆինանսների նախարարություն՝ վերջինիս հետ պարտքի ներման համաձայնագիր կնքելու համար:

Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ դիմումների ներկայացման կարգը և գործընթացի վերաբերյալ այլ մանրամասներ կպարզաբանվեն նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով:

Նշվել է նաև, որ պարտքի ներման համաձայնագրերի կնքումից հետո գրավադրված ոսկյա իրերը կվերադարձվեն քաղաքացիներին:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն վերաբերում է բացառապես ԼՂ-ից բռնի տեղահանվածներին, որոնք ստացել են վարկեր ոսկու գրավադրմամբ, և այդ վարկերն անցել են ՀՀ կառավարությանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---