8 ապրիլի 2024 - 16:45 AMT
Պեյչինովիչ Բուրիչն ու Միրզոյանը քննարկել են տարածաշրջանային կայունության հարցեր՝ ներկայացվել է ՀՀ դիրքորոշումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, որը Հայաստանում է պաշտոնական այցով, քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային կայունության հարցեր։

Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև կարևոր ու արդյունավետ համագործակցությունը՝ միտված օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՀՀ կառավարության առաջնահերթյունների ու բարեփոխումների օրակարգի կյանքի կոչմանը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵԽ 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրի իրականացմանը։

Նախարար Միրզոյանն ընդգծել է նաև նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումից և ԼՂ էթնիկ զտումից հետո ԵԽ արագ արձագանքը, այդ թվում՝ նոր մարտահրավերների հասցեագրման նպատակով նշյալ ծրագրի հարմարեցման կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի՝ հատկապես խոցելի խմբերի իրավունքների միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքների հասցեագրման շուրջ, ինչի առնչությամբ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ջանքերն այդ ուղղությամբ, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը՝ նշելով թշնամանքից զերծ մթնոլորտի ձևավորման, առանցքային հարցերում հստակ հանձնառության կարևորությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու առանցքային հարցերի՝ տարածքային ամբողջականության ճանաչման վերահաստատման, սահմանների անքակտելության և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերում ՀՀ մոտեցումները: Արարատ Միրզոյանը շեշտել է գործընթացում 1991թ. Ալմաթիի հռչակագրի, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին հավատարմության կարևորությունը:

Ընթերցեք նաև․ Ակցիա ԱԳՆ–ի դիմաց, որտեղ ժամանել է Բուրիչը․ «Ազատություն Բաքվի ու Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին»

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։