Evocabank-ը $10 մլն կներգրավի OFID-ից

Evocabank-ը $10 մլն կներգրավի OFID-ից

PanARMENIAN.Net - OPEC միջազգային զարգացման հիմնադրամը Evocabank-ի հետ ստորագրել է 10 մլն դոլարի վարկային համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) օժանդակմանը: Վարկային միջոցները տրամադրվելու են հիմնականում կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների դեմ պայքարելու նպատակով էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման համար:

OPEC հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆան նշել է. «Evocabank-ի հետ մեր գործակցությունը հնարավորություն է տալիս մեզ լուծել զարգացման համար երկու առաջնահերթ խնդիր՝ ֆինանսական միջոցներն ավելի հասանելի դարձնել ՄՓՄՁ-ների, հատկապես այն բիզնեսների համար, որոնք բավարար կերպով չեն օգտվում ֆինանսական ծառայություններից, ինչպես նաև օժանդակել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի Հայաստանի ջանքերի իրականացմանը: Այս համագործակցությունն արտացոլում է մեր ավելի լայն հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանում կայուն զարգացմանը և համակողմանի աճին»:

OPEC հիմնադրամի վարկային միջոցները կտրամադրվեն տեղական ընկերություններին, որոնք ներկայացնում են գրեթե բոլոր հայաստանյան բիզնեսները և ապահովում աշխատատեղերի մոտ 70%-ը: Չնայած նրան, որ այդ ընկերությունները տնտեսության մեջ կարևորագույն դեր են կատարում, շատ ՄՓՄՁ-ներ, հատկապես այն ընկերությունները, որոնք ղեկավարվում են կանանց կողմից, հաճախ վարկային սահմանափակումների առաջ են կանգնում, և դրանց շուրջ երեք քառորդը մասամբ կամ ամբողջովին չի կարողանում օգտվել անհրաժեշտ վարկային միջոցներից:

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշել է. «Մենք ուրախ ենք հայտարարել OPEC միջազգային զարգացման հիմնադրամի հետ մեր համագործակցության մասին: 10 միլիոն ԱՄՆ դոլար վարկային միջոցներով Evocabank-ը զգալի ազդեցություն կունենա Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման վրա: Այս վարկային միջոցները հնարավորություն կտան իրականացնելու բիզնեսի զարգացման և տարածաշրջանում տնտեսական առաջընթացին նպաստելու մեր տեսլականը: Մենք պատրաստ ենք առաջարկել անհատական պայմաններով ֆինանսական լուծումներ, որոնք կօգնեն ՄՓՄՁ-ներին հաղթահարել խնդիրները, ներդնել նորարարություններ և ընդլայնել իրենց գործունեության շրջանակը»:

OPEC հիմնադրամի կողմից Հայաստանին օժանդակումը սկիզբ է առել 2004 թվականից, և մինչ օրս տրամադրվել է մոտ 300 միլիոն դոլար` պետական և մասնավոր հատվածների ֆինանսավորման, ֆինանսական կազմակերպություններին օժանդակման, ՓՄՁ-ների, ինչպես նաև գյուղատնտեսական և էներգետիկայի ոլորտների զարգացման նպատակով:

OPEC միջազգային զարգացման հիմնադրամը միակ միջպետական զարգացման հաստատությունն է, որը ֆինանսական միջոցներ է տրամադրում անդամ երկրներից ոչ անդամ երկրներին: Կազմակերպությունն աշխատում է զարգացող գործընկեր երկրների և միջազգային զարգացման համայնքի հետ համատեղ՝ ցածր և միջին եկամուտներով երկրներում տնտեսական աճը խթանելու և սոցիալական առաջընթաց ապահովելու նպատակով: OPEC-ը հիմնադրվել է 1976 թվականին հստակ նպատակով՝ խթանել զարգացումը, հզորացնել համայնքները և օգնել մարդկանց: Մեր աշխատանքը սոցիալական կողմնորոշում ունի, նպատակաուղղված լինելով այն ֆինանսական նախագծերի իրականացմանը, որոնք բավարարում են մարդկանց առաջնային կարիքները՝ սնունդ, էներգետիկա, ենթակառուցվածքներ, զբաղվածություն (հատկապես կապված ՄՓՄՁ-ների հետ), մաքուր ջուր և սանիտարական պայմանների բարելավում, առողջապահություն և կրթություն: Մինչ օրս OPEC հիմնադրամը տրամադրել է մոտ 27 միլիարդ ԱՄՆ դոլար ավելի քան 125 երկրների զարգացման նախագծերի իրականացման համար, որոնց ընդհանուր նախագծային արժեքն ավելի քան 200 միլիարդ ԱՄՆ դոլար է: Fitch վարկանիշային գործակալությունը OPEC հիմնադրամին տվել է AA+ վարկանիշ «Կայուն» կանխատեսմամբ, S&P գործակալության տված վարկանիշն էլ AA+ է «Կայուն» կանխատեսմամբ: Մեր տեսլականն է՝ ունենալ մի աշխարհ, որտեղ կայուն զարգացումը բոլորի համար իրականություն է:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---