18 մայիսի 2009 - 13:55 AMT
«Արդշինինվեստբանկը» չի ներում իր բաժանմունքների ղեկավարների զանցանքները
Աշխատանքային զանցանքները բացառելու նպատակով, «Արդշինինվեստբանկը» մշտապես իրականացնում է խստացված ներքին վերահսկողական միջոցառումներ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:
Ըստ հաղորդագրության, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության «Գորիս» մասնաճյուղի կառավարիչի կողմից ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու միջոցով խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ:
«Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության վարչության նախագահիհաղորդման ստուգմամբ վարչությունը բացահայտել է նշված ընկերության «Գորիս» մասնաճյուղի կառավարիչ Հ.Բախշյանի կողմից կատարված մի քանի կասկածելի գործարքներ: Մասնավորապես՝ 2006-2008թթ. ընթացքում կեղծ փաստաթղթերի պատրաստման եւ օգտագործման միջոցով, կանխիկ կամ փոխանցմամբ, ստացել է շուրջ 95 անձանց անվամբ ձեւակերպված վարկերի գումարները՝ շուրջ 310 մլն դրամ, որը տնօրինել է իր հայեցողությամբ:
Նմանատիպ միջոցառումներից մեկի արդյունքում հայտնաբերվել է Արդշինինվեստբանկի «Գորիս» մասնաճյուղի կառավարիչ Հովիկ Բախշյանի կողմից մասնաճյուղում պարբերաբար կատարված խախտումները: Այդ կապակցությամբ ձեռնարկված ծառայողական քննության արդյունքում պարզված հանգամանքների վերաբերյալ, համապատասխան հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազությանը, որի համաձայն քրեական գործ է հարուցվել բանկի Գորիսի մասնաճյուղի կառավարչի նկատմամբ:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Հարությունյանի խոսքերով. «Մշտապես գործող խստացված ներքին վերահսկողական համակարգը նպատակ ունի ոչ միայն բարձրացնել աշխատակիցների աշխատանքային կարգապահությունը եւ պատասխանատվությունը, այլ նաեւ պահպանել եւ բարձրացնել հաճախորդների վստահությունը բանկի նկատմամբ»: