ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ցեմենտի ներմուծման պետական տուրքի բարձրացման նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ցեմենտի ներմուծման պետական տուրքի բարձրացման նախագիծը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը մայիսի 27-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է ցեմենտի ներմուծման պետական տուրքի բարձրացման նախագիծը: Նախաձեռնությունն ստացել է 57 կողմ, 1 դեմ և 21 ձեռնպահ քվե։

Նախաձեռնությունը միտված է ցեմենտ արտադրող ձեռնարկությունների մրցունակության պահպանմանը, հայտնում է Արմենպրեսը։

Ազգային ժողովում քննարկման ներկայացված օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում էր ներկայումս գործող 200-ապատիկի փոխարեն սահմանել բազային պետական տուրքի 800-ապատիկի չափ՝ յուրաքանչյուր մինչև 100 տոննա ներմուծման լիցենզիայի տրամադրման համար։

Նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը՝ փոփոխությունը հիմնավորելով տնտեսական և արդյունաբերական հավասարակշռության պահպանման անհրաժեշտությամբ։

Նրա գնահատմամբ՝ ցեմենտը ռազմավարական ապրանք է, որի շարունակական արտադրությունը և ներքին շուկայի պահանջարկի տեղական բավարարումը առաջնահերթ են ազգային տնտեսության համար։ Նա նշել է, որ վերջին շրջանում ներմուծվող ցեմենտի գները զգալիորեն նվազել են՝ պայմանավորված արտերկրյա սուբսիդիաներով և էներգակիրների ցածր սակագներով, ինչն ազդել է տեղական արտադրողների մրցունակության վրա։

Ըստ տվյալների՝ 2023 թվականին ներմուծվել է մոտ 260 հազար տոննա ցեմենտ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 3.5 անգամ՝ կազմելով տեղական արտադրության 22.4 տոկոսը։ 2024 թվականին ևս արձանագրվել է ներմուծման մոտ 65% աճ։

Զաքարյանն ընդգծել է, որ տեղական արտադրանքի ինքնարժեքի հիմնական մասը գոյանում է էներգառեսուրսների ծախսերից, ինչի հետևանքով ներկրվող ցեմենտը շուկայում վաճառվել է մոտ 27,500 դրամով մեկ տոննայի դիմաց, մինչդեռ տեղական արտադրանքը արժեցել է միջինում 35-37 հազար դրամ։

«Ստեղծվել է իրավիճակ, երբ ներմուծվող ցեմենտը ոչ միայն լրջորեն խաթարում է տեղական արտադրողների դիրքերը, այլև սպառնում է նրանց գոյությանը։ Նման պայմաններում նրանք կարող են կանգնել արտադրության դադարեցման, իսկ շուկան՝ ներմուծումից ամբողջական կախվածության առաջ, ինչը կվնասի մեր արդյունաբերական քաղաքականությանը և կբերի ցեմենտի գների անկանխատեսելի աճի»,- նշել էր փոխնախարարը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշել է, որ ցեմենտը ռազմավարական նշանակության ապրանք է, այս հարցը պարզ լուծում չունի, ինչպես փորձ է արվում ներկայացնել, հայտնում է Panorama.am-ը։

«Դրա բազմավեկտոր ազդեցությունն իսկապես կարիք ունի լուրջ ուսումնասիրության՝ սկսած շինարարության վրա ազդեցությունից, ավարտված բնապահպանական հետևանքներով։ Երբ որ որոշվում է որոշակի գին, շուկան հավասարակշռելու տեսակետից, կարևոր է, որ բոլոր կոմպոնենտները հաշվի առնվեն, ոչ թե մեխանիկական գին որոշվի, որը շուկայում ճկունություն չի հաղորդում, այլ ընդունվի բանաձև, որը հավասարապես կտարածվի ներմուծման, արտադրության վրա»,- ասել է նա։

Մինասյանը նշել է, որ պարբերաբար բերել ու փոփոխություններ իրականացնել առանց հաշվի առնելու համակարգային խնդիրը՝ ճիշտ չէ։

«Այո, 2000 դրամ իջեցնելը այն ժամանակ մենք քննադատել ենք, կանխատեսել էինք այս օրը, որ սա բերելու է նաև այլ իրավիճակի, երբ տեղական արտադրողները սկսելու են ճնշվել դրսից ներմուծման ծավալներից։

Բայց այն ժամանակ չլսեցիք։ Հիմա էլ ենք ասում՝ համակարգային լուծման անհրաժեշտություն ունի, ոչ թե մեխանիկական, ամեն անգամ բերել ու տուրք փոխել»,- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---