Պետմարմիններին և այլ կառույցներին անշարժ գույքը կտրվի վարձով

Պետմարմիններին և այլ կառույցներին անշարժ գույքը կտրվի վարձով

PanARMENIAN.Net - Կառավարությունը մայիսի 29-ին կայացած նիստում հավանություն է տվել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, ինչպես նաև հարակից օրենքներին, որոնցով սահմանվում է, որ պետական մարմինները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, հիմնադրամները և մի շարք այլ կառույցներ անշարժ գույքը կտրամադրվի վարձակալությամբ՝ կառավարության սահմանած կարգով։

Նախաձեռնության նպատակն է՝ պետական գույքի արդյունավետ կառավարման մակարդակի բարձրացումը, հայտնում է Արմենպրեսը։

Օրենքի նախագծի զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունները միտված են կարգավորելու տարիների ընթացքում կուտակված խնդիրները պետական գույքի անհատույց օգտագործման համակարգում։

«ՀՀ-ում ձևավորված պետական գույքի անհատույց օգտագործման համակարգը տարիների ընթացքում հանգեցրել է մի շարք համակարգային խնդիրների, այդ թվում՝ գույքի՝ թերի կամ ոչ նպատակային օգտագործման, հանրային վերահսկողության ոչ բավարար մակարդակի։ Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հաճախակի են արձանագրվում դեպքեր, երբ պետական մարմիններն ու կազմակերպությունները գույքն օգտագործում են ոչ արդյունավետ, որոշ դեպքերում՝ մասնակի և կան ընդհանրապես չօգտագործվող գույքային միավորներ»,-նշել է նա։

Նախարարի ներկայացմամբ, նախագծում առաջարկվում է սահմանել օրենսդրական կարգավորում, որի համաձայն՝ պետական մարմիններին, հիմնադրամներին ու ոչ առևտրային կազմակերպություններին անշարժ գույք կտրամադրվի վարձակալության հիմքով։

Ըստ Խուդաթյանի՝ «վարձակալությունից ստացված վճարներն ուղղվելու են պետական բյուջե»։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ առաջարկվող մոդելի կիրառմամբ պետական կազմակերպությունների համար հավելյալ ծախսեր չեն ստեղծվում, քանի որ այդ վճարները կհատկացվեն հենց պետական բյուջեից։

Խուդաթյանն նաև նշել է, որ նախագիծը հիմնված է միջազգային մի շարք երկրների փորձի վրա, որոնք արդեն իսկ կիրառում են այս մեխանիզմը պետական գույքի կառավարման գործընթացում։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր ելույթում հավելել է, որ փոփոխությունը մի քանի նպատակ է հետապնդում։

«Երկրորդ նպատակն այն է, որ մենք երբեմն գույք ենք տրամադրում տարբեր հասարակական կազմակերպություններին կամ այլ կառույցներին՝ որպես օժանդակություն իրենց գործունեությանը, և այստեղ ևս այդ ծախսը չի երևում։ Կարծում եմ, որ մեր վարած քաղաքականությունն ավելի պարզ դարձնելու համար պետք է ուղղակի գույքագրենք և հաշվենք՝ հասկանալու, թե դա ինչ է արժենում մեզ համար։ Սա այնուհետև նաև արդյունավետ որոշումներ ընդունելու համար հիմք կհանդիսանա»,-ասել է նա։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր խոսքում նշել է, որ առաջարկվող փոփոխությունները կարող են որոշ խնդիրներ առաջացնել իրենց կառույցների վերահսկողության տակ գտնվող գույքի հետ կապված։

«Ամբողջությամբ հասկանալով թափանցիկության, հաշվետվողականության հարցերը, որոնք կարևոր են, կարծում ենք, որ այստեղ որոշակի առանձնահատկություններ կան, որոնք պետք է հաշվի առնվեն։ Նախևառաջ, այս ծավալի վարձակալությունն առաջացնելու է էական լրացուցիչ բեռ բյուջեի համար, բացի այդ, հաշվի առնելով նաև կրթության իրավունքի ապահովման և պետության այլ պարտավորությունները՝ այս մոտեցումը որոշակի կոնցեպտուալ հարցադրումներ է առաջացնում»,–ասել է նա։

Անդրեասյանն առաջարկել է 1352 դպրոցների, մշակույթի, սպորտի հաստատությունների ճակատագիրն՝ այս օրենքի համատեքստում, լրացուցիչ քննարկման առարկա դարձնել։ Իր տպավորությամբ, այսպիսով լրացուցիչ վարչարարություն ենք գեներացնում, ինչը հավելյալ խնդիրներ է առաջացնելու, հայտնում է «Առավոտը»։

Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանն իրենց ելույթներում շեշտել են, որ օրենքի փոփոխությունն անհրաժեշտ է, քանի որ փորձագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կնպաստի պետական գույքի արդյունավետ օգտագործմանը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---