Հայ արտադրողները կոչով դիմել են ԱՀԿ և այլ կառույցներին՝ Վրաստանը խոչընդոտում է ալկոհոլի տարանցմանը

Հայ արտադրողները կոչով դիմել են ԱՀԿ և այլ կառույցներին՝ Վրաստանը խոչընդոտում է ալկոհոլի տարանցմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հայտնել է, որ վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ոգելից խմիչքներ արտադրող, արտահանմամբ և բեռնափոխադրումով զբաղվող ընկերություններից՝ կապված հայ–վրացական սահմանին ստեղծված իրավիճակի հետ։

Միությունը հայտարարությամբ դիմել է միջազգային կառույցներին և արտերկրի գործընկերներին՝ «կոչ անելու Վրաստանի կառավարությանը դադարեցնել այս կամայական շրջափակումը և վերացնել իր տարածքով տարանցիկ ապրանքների տեղաշարժը խոչընդոտող սահմանափակումները»։

«Ըստ էության, վրացական կողմն անհիմն խոչընդոտում է հայկական արտադրության ալկոլհոլային խմիչքի տարանցիկ փոխադրումները երրորդ երկրներ՝ չտալով որևէ հիմնավոր բացատրություն։ Խնդիրը դարձել է դժգոհությունների և բուռն քննարկումների առարկա»,–ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Aysor.am-ը։

Խնդրի առնչությամբ Հայաստանի ալկոհոլային խմիչքներ արտադրող մեկ տասնյակից ավելի ընկերություններ գրավոր դիմել են պետական մարմիններին, միջազգային համապատասխան կառույցներին և հանրությանը՝ շտապ գնահատելու Վրաստանի Հանրապետության մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը։

Դիմումում մասնավորապես նշվում է, որ ավելի քան մեկ ամիս է, ինչ Առևտրի համաշխարհային կազմակերպության և տարանցիկ փոխադրումների միջազգային կանոնակարգերի ակնհայտ խախտմամբ, Վրաստանի տարածքով երրորդ երկրներ տարանցիկ ապրանքներ տեղափոխող հայաստանյան տրանսպորտային միջոցները կանգնեցվում են՝ վերահասցեագրվելով դեպի Գեզի տերմինալ։ Այստեղ առանց որևէ հիմնավորմանմաքսային կնիքները կոտրվում են, առանց համապատասխան փաստաթղթերի նմուշներ վերցվում, իսկ դրանց լաբորատոր պատասխանների օրերով ուշացումների վերաբերյալ որևէ բացատրություն չի տրամադրվում։ Արդյունքում, արտահանողներին թույլ չի տրվում իրենց բեռները հասցնել երրորոդ երկրների հասցեատերերին։

Ներկայումս վրացական Գեզի տերմինալում պահվում են բեռնված տասնյակ տարանցիկ տրանսպորտային միջոցներ, որոնցից մի քանիսն՝ արդեն ավելի քան մեկ ամիս։ Այսպիսով, վրացական կողմը խախտելով առևտրի միջազգայնորեն ընդունված չափանիշները՝ զգալի նյութական վնասներ է պատճառում Հայաստանի արտադրողներին, վերջիններս չեն կարողանում կատարել երրորդ կողմի մոտ ստանձնած պայմանագրային պարտավորությունները, առաջանում է առկա շուկաները կորցնելու և ոլորտի հետագա զարգացման կասեցման վտանգ։

«Մենք դիմում ենք միջազգային կառույցներին և արտերկրի մեր գործընկերներին՝ կոչ անել Վրաստանի կառավարությանը դադարեցնել այս կամայական շրջափակումը և վերացնել իր տարածքով տարանցիկ ապրանքների տեղաշարժը խոչընդոտող սահմանափակումները»,– ասված է դիմումում։

Դումումն ուղարկվել է ՀՀ Ազգային Ժողով, ՀՀ էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարություններ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ, ՄԱԿ, Եվրասիական զարգացման բանկ, Առևտրի համաշխարհային կազմակերպություն, ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։

Համատեղ դիմումը ստորագրել են՝ Արարատի գինու գործարան, Գինու–կոնյակի տուն «Շահնազարյան», Ալկո Ալյանս, Վան777, «Արագած» գինու կոնյակի գործարան, Արկոն Թրեյդ, Աբովյանի կոնյակի գործարան, Սամկոն, Պռոշյանի կոնյակի գործարան, Նացիոնալ ալկո ընկերությունները։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---