Մաքսային մարմինները 2024–ին մոտ 15%-ով պակաս հարկեր և տուրքեր են հավաքել

Մաքսային մարմինները 2024–ին մոտ 15%-ով պակաս հարկեր և տուրքեր են հավաքել

PanARMENIAN.Net - Հայաստանի մաքսային համակարգը 2024 թվականին հավաքագրել է մոտ 15%-ով պակաս հարկեր և տուրքեր՝ համեմատած նախորդ տարվա ցուցանիշների։ Այդ մասին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ Ազգային ժողովում ընթացող 2023 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ քննարկման ընթացքում։

Ընդհանուր առմամբ 2024 թվականին հավաքագրվել են 2 տրլ 391 մլրդ դրամ հարկեր և տուրքեր կամ 7.6%-ով շատ, քան 2023 թվականին։ Հարկային ծառայության գծով մոտ 11% աճ է գրանցել, մաքսային ծառայության գծով՝ 15% անկում, հայտնում է Sputnik Արմենիան։

Մաքսային եկամուտների նվազումը, Հակոբյանի խոսքով, պայմանավորված է ավտոմեքենաների և ծխախոտի ներմուծման ծավալների զգալի կրճատմամբ, ինչի հետևանքով նվազել են նաև դրանցից գանձվող մաքսային հարկերը։

Նրա խոսքով՝ 2023 թվականին ավտոմեքենաների ներմուծման ծավալները շատ բարձր են եղել՝ գրեթե կրկնակի աճ արձանագրելով 2022 թվականի համեմատ։

Հակոբյանի խոսքով` այստեղ նվազումը հիմնականում պայմանավորված է եղել երկու գործոնով, նախ՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում թանկացել է ավտոմեքենաների օգտահանման վճարը (70-ից մինչև 85%), որը 2025-2030 թվականներին կշարունակի աճել: Երկրորդ՝ Վրաստանում սահմանափակող միջոցներ են ձեռնարկվել (Հակոբյանը չնշեց` կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը):

Ըստ ներկայացված տվյալների՝ ավելացված արժեքի հարկի ընդհանուր ծավալը 2024 թվականին կրճատվել է 1.5%-ով՝ կազմելով 755.9 միլիարդ դրամ։ Մասնավորապես, ներմուծվող ապրանքներից գանձվող ԱԱՀ-ն նվազել է 15.8%-ով կամ մոտ 81.8 միլիարդ դրամով։ Միևնույն ժամանակ, տեղական արտադրանքի վաճառքից ստացված ԱԱՀ վճարումներն աճել են 28.2%-ով կամ 70.4 միլիարդով։

Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներով՝ 2024 թվականին ծխախոտի ներմուծումը կրճատվել է մոտ 13.7 միլիոն դոլարով կամ 30%-ով։ Մարդատար մեքենաների ներմուծման ծավալը 2023 թվականի համեմատ նվազել է 798 միլիոն դոլարով, ինչը կազմում է մոտ 60% անկում։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ 2024–ին արտաքին առևտրաշրջանառության ծավալը զգալիորեն աճել է։ Այդ մասին նա հայտարարել է Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ընթացքում՝ ներկայացնելով համապատասխան վիճակագրական տվյալներ։

Նախարարի խոսքով՝ չնայած այս տարվա առաջին 4-5 ամսվա ընթացքում արտահանման ծավալը նվազել է 57 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, երկրի տնտեսությունը գրանցել է 5.2% աճ»

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---